ՀՀ առողջապահության նախարարը հանդիպել է Վրաստանի գործընկերոջ հետ

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստան կատարած պաշտոնական այցի առաջին օրը հանդիպել է Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Դավիդ Սերգեենկոյի, նրա տեղակալների ու օրենսդիր մարմնի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի հետ։ Քննարկվել են առողջապա հության ոլորտի ֆինանսավորմանը, առողջապահական ծառայությունների կառավարմանն առնչվող և այլ հարցեր։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Ծանոթանալով միմյանց փորձին` երկու երկրի առողջապահության ոլորտի պատասխանատուները քննարկել են ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելուն, առկա մարտահրավերները հաղթահարելու համար նոր մոտեցումներ որդեգրելուն առնչվող հարցեր։ Օրակարգային են եղել նաև էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման ընձեռած հնարավորություններին ու առավելություններին, ներդրմանը խոչընդոտող խնդիրներին վերաբերող հարցերը։

Հայակական պատվիրակության անդամներն այցելել են Վրաստանի մի շարք առաջատար կլինիկաներ` Ֆրիդոն Տոդուա կլինիկական բժշկության հետազոտական ինստիտուտ, Բարձր տեխնոլոգիաների բժշկական կենտրոն, Վարակիչ հիվանդությունների, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունոլոգիայի հետազոտական կենտրոն, տեղում ծանոթացել մատուցվող ծառայություններին, իրականացվող ծրագրերին և կառավարման մոդելներին։

Բազմապրոֆիլ, ամենից մեծ ծավալի բժշկական և հարակից ծառայություններ մատուցող կազմակերպության ղեկավար Նիկոլոս Գամկրելիձեի հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են բժշկական ծառայությունների կազմակերպմանը, կառավարմանը, ֆինանսավորմանը վերաբերող և բազմաթիվ այլ հարցեր։

Վրաստանի պառլամենտում առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ակակի Զոիձեի հետ կայացած հանդիպման ընթացքում առավել հանգամանալից քննարկում է ծավալվել առողջապահության ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի բարեփոխման, բնակչության առողջության պահպանման և պատշաճ բժշկական օգնության ապահովման համար առավել նպաստավոր իրավական նորմեր ստեղծելուն վերաբերող հարցերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում