ՌԴ-ում ՀՀ դեսպանը Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջիկների մեծ հոսք է ակնկալում

Ռուսաստանի Դաշնության ներքին անձնագրերով Հայաստան են ժամանել մի քանի հազար ռուսաստանցիներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրեց ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:

«Ակնկալվում է զբոսաշրջիկների մեծ հոսք: Ռուսաստանցիներին առաջին հերթին գրավում է Հայաստանի լեռնադահուկային հանգստավայրերը, պատմամշակութային վայրերը և այլն: Իհարկե, այս ուղղությամբ դեռ պետք է մեծ ծավալի աշխատանք տարվի, որպեսզի ավելի բարձրացվի Հայաստանի վարկանիշը զբոսաշրջության առումով»,- ասաց դեսպանը:

Ըստ Տողանյանի` ռուսաստանցի զբոսաշրջիկների համար Հայաստանը համեմատաբար մոտ է և հեշտ հասանելի:

«Բացի այդ, ռուս զբոսաշրջիկներին գրավիչ պետք է լինի ընդհանուր պատմական անցյալը և կենցաղային որոշ ընդհանրությունները»,– նշեց դեսպանը:

Ինչ վերաբերվում է Հայաստանից Ռուսաստան զբոսաշրջիկների ներհոսքին, ըստ դեսպանի` հայ զբոսաշրջիկներին Ռուսաստանում հիմնականում գրավում են առողջարանային հանգստավայրերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում