Վարդան Տողանյանը հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերություններում դինամիկ զարգացում է տեսնում

Հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցությունը դինամիկ կերպով զարգանում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:

«Այս ոլորտում գոյություն ունի երկու հարթություն, դրանցից երկուսում էլ համագործակցությունն ակտիվ կերպով զարգանում է։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, գուցե որոշ հարցերում, որոշ իրավիճակներում եղել է ոչ համարժեք կամ ուշացած արձագանք, բայց Հայաստանը և գործընկերները, որոնք աշխատում են ՀԱՊԿ-ում, մշտական շփման մեջ են, սկզբունքորեն հասկանում ենք նրանց անհանգստությունը: Նրանց ցանկությունը` աջակցել և հասկանալ այն մարտահրավերները, որոնց առջև կանգնած է Հայաստանը»,- ասաց Տողանյանը։

Նրա գնահատմամբ`ռազմական ոլորտում հայ-ռուսական համագործակցությունը տարբեր միջոցներով զարգացում է ապրում:

«Մենք դիվանագիտական խողովակներով, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության , մեր ռազմական գերատեսչությունների միջոցով ակտիվ շփման մեջ ենք։ Այստեղ կա ամբողջական վստահություն և հասկացվածություն: Ռազմադիվանագիտական ոլորտն այնքան նուրբ ոլորտ է, որ ոչ միշտ է հնարավոր խոսել դետալների մասին, բայց հավաստիացնում եմ ձեզ, որ համագործակցությունը դինամիկ զարգանում է: Կան մի շարք հարցեր, խնդիրներ որոնք պետք է դեռ քննարկվեն, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում»,- ասաց Տողանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում