Կարեն Կարապետյանը սոցիալական ոլորտի բարեփոխումներում կարևորում է ծախսերի արդյունավետության բարձրացումը

Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Արտաշատում ընտրողների հետ հանդիպմանը ներկայացրեց վերջին մի քանի ամիսներին կառավարության գործունեության արդյունքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ իր գլխավորած կառավարությունը ձևավորվել է 2016թ-ի հոկտեմբերի 20-ին և ներկայացրել գործունեության 6-ամսյա ծրագիր: «Ամսվա վերջին դրա իրականացման վերաբերյալ կտրամադրենք գրավոր հաշվետվություն, որը ցույց կտա, որ նախատեսված ծրագրերն իրականացվել են»,- նշեց ՀՀԿ փոխնախագահը:

Կարեն Կարապետյանը ներկայացրեց նաև վերջին երկու ամիսներին կառավարության գործունեության արդյունքների տնտեսական վիճակագրությունը: Նրա ներկայացմամբ` 2017թ-ի առաջին երկու ամիսներին, 2016թ-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ, արձանագրվել է գործարար ակտիվության 6.2 տոկոս աճ, արդյունաբերության 16.1 տոկոս աճ, որի մեջ՝ 107 տոկոս հանքարդյունաբերության աճ, 109 տոկոս գյուղատնտեսության աճ, 130 տոկոս մետալուրգիայի աճ, 150 տոկոս խմիչքների արտադրության աճ, 147 տոկոս ՏՏ ոլորտի աճ, 3 անգամից ավելի ոսկերչության աճ և այլն: «Շատ տրամաբանական է, եթե հարց տաք, որ այդ թվերը լավ են հնչում, սակայն մեր կյանքի որակը չի փոխվել: Այսօրվա մեր սոցիալ-տնտեսական վիճակն այնպիսին է, որ մենք դեռ շատ քայլեր պետք է անենք, որ հասնենք այն կետին, որից հետո որակական փոփոխություններ կլինեն»,- շեշտեց Կարեն Կարապետյանը:

Խոսելով սոցիալական ոլորտի փոփոխություններից` ՀՀԿ փոխնախագահն ընդգծեց, որ հիմնական շեշտը դրվելու է ծախսերի արդյունավետության բարձրացման վրա: «Սոցիալական ոլորտում մեր բարեփոխումները հետևյալն են` այն նույն միջոցները, որոնք մինչն այսօր ծախսում էինք ոչ այնքան արդյունավետ, նույն ծառայություններն անելու ենք ավելի որակյալ և 20-30 տոկոս ավելի շատ մարդկանց հասցնելու»,- ամփոփեց Կարեն Կարապետյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում