«Ժողովուրդ». Բոլոր նախարարները զբաղված են ընտրություններով

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, որ ԱԺ ընտրություններում ընդգրկված է ՀՅԴ ցուցակում, մարտի 9-24-ը ներառյալ մեկնել է արձակուրդ: Հատկանշական է փաստը, որ քարոզարշավը տևելու է մինչև մարտի 31-ը, և ստացվում է՝ նա քարոզարշավի վերջին շաբաթն, այնուամենայնիվ, լինելու է աշխատանքի, այլ ոչ թե քարոզչության: Մինչդեռ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ՀՅԴ-ական մյուս նախարարները «նախընտրական» արձակուրդ են մեկնել մինչև մարտի 31-ը: Թե ինչպես է Լոքյանը իր աշխատանքային պարտականությունների կատարումը համատեղելու քարոզարշավի հետ, պարզ չէ: Չնայած՝ ՀՀԿ ցուցակում ընդգրկված նախարարները՝ Վիգեն Սարգսյանը, Արփինե Հովհաննիսյանն ու Արմեն Ամիրյանը այս ընթացքում ոչ մի օր չմեկնեցին արձակուրդ և քարոզարշավը փորձում են անել աշխատանքային օրվա ավարտից հետո, սա պաշտոնապես: Բայց իրականում այս օրերին բոլոր նախարարներն էլ զբաղված են ընտրություններով, պարզապես փորձում են աննկատ անել, որ չդիտվի վարչական ռեսուրսի չարաշահում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում