«Հայկական ժամանակ». Հայաստանի տնտեսական ցուցանիշների կտրուկ աճ է գրանցվել

ՀԺ-ում կարդում ենք. «Վերջին երկու համապետական ընտրություններից առաջ Հայաստանում տնտեսական իրավիճակը բնութագրող ցուցանիշների կտրուկ աճ է գրանցվել։ Իսկ մյուս տարիներին այդ ցուցանիշները նույն ամիսներին շատ ավելի համեստ են եղել։ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը երեկ չի էլ հերքել, որ այդ միտումները պայմանավորված են ընտրություններով, սակայն հայտարարել է, թե հիմքեր չունի պաշտոնական վիճակագրությանը կասկածելու։ Նա նույնիսկ ասել է, թե դա գիտականորեն հիմնավորված է։ «Օրինակ բերեմ հա՞, բուկլետներ տպելը…»,- ասել է նախարարը»։

«Բուկլետներ տպելը, նույնիսկ նախընտրական քարոզչության համար ծախսվող բենզինի փողը, նույնիսկ ընտրակաշառքը, իրոք, ապահովում են տնտեսական ցուցանիշների աճեր։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ մեր Ազգային վիճակագրական ծառայությունը հզոր «աճեր» է ներկայացրել այս տարվա հունվարի և փետրվարի կտրվածքով։ Այդ ժամանակ նախընտրական քարոզչություն իրականացնել չէր կարելի, բուկլետներ տպել չէր կարելի, նույնիսկ ընտրակաշառքը բաժանվելու է մարտի վերջին։ Ու հենց նախարարի ներկայացրած հիմնավորումները հաշվի առնելով, կարող ենք արձանագրել, որ մասնավորապես հունվար-փետրվարին արձանագրված անսովոր աճերը, մեղմ ասած, այնքան էլ վստահելի չեն ու ունեն ավելի շատ քարոզչական նպատակ»,- մեկնաբանել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում