Լոնդոնում կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվածների թիվը հասել է հինգի

Հինգ մարդ, ներառյալ հարձակվողը, զոհվել եւ ավելի քան 40-ը վիրավորվել են Լոնդոնի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ, կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով: Ոստիկանությունը կարծում է, որ Վեստմինստերյան կամրջին անցորդներին վրաերթի ենթարկած եւ ոստիկանին դանակահարած չարագործը կարող Է կապված լինել արմատական իսլամիստների հետ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: 

Մարտի 22-ի ցերեկը տեղական ժամանակով 14:40-ին (Երեւանի ժամանակով 18:40-ին) տղամարդն ավտոմոբիլով կանխամտածված անցել է Վեստմինստերյան կամրջի մայթ եւ սկսել տակը գցել անցորդներին: Այնուհետեւ ավտոմոբիլը թեքվել է դեպի Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենքը եւ բախվել Վեստմինստերյան պալատի պարսպին: Ղեկի առջեւ գտնվող տղամարդը դանակով դուրս է նետվել ավտոմեքենայից եւ վազել դեպի խորհրդարանի շենքը, որտեղ նրա ճանապարը փակել են ոստիկանները:

Տղամարդը դանակով հարձակվել է անզեն ոստիկանի վրա: Այնուհետեւ վրա է հասել զինված ոստիկանական կարգախումբը, որը գնդակահարել է հարձակվողին:

Արդեն ուշ երեկոյան Սկոթլանդ յարդի հակաահաբեկչական ստորաբաժանման ղեկավար Մարկ Ռոուլին հայտնել է, որ չարագործի ինքնությունն արդեն պարզվել է, սակայն մանրամասնությունների մեջ չի մտել:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պատահարը որակել է հրեշավոր եւ նողկալի հարձակում: Ահաբեկչական գործողությունից շատ չանցած Մեյը հրավիրել է արտակարգ իրավիճակների կառավարական կոմիտեի՝ COBRA-ի նիստ: «Հարձակման վայրն ընտրվել է ոչ պատահաբար: Ահաբեկիչը որոշել էր հարված հասցնել մեր երկրի հենց սրտում»,- լրագրողներին հայտարարել է Մեյն այդ նիստից հետո:

Սկոթլանդ յարդն ասում է, որ հարձակվողը գործել է միայնակ: Միեւնույն ժամանակ ոստիկանությունն ստուգում է, թե նա գործել է արդյոք սեփական նախաձեռնությամբ, թե ունեցել է հանցակիցներ: Իշխանությունները պարզում են բազաթիվ տուժածների ինքնությունը: Հարձակման պահին Վեստմինստերյան կամրջին էին գտնվում մի խումբ ֆրանսիացի դպրոցականներ, նրանցից երեքը վիրավորվել են:

Տուժել են նաեւ երեք ոստիկաններ, որոնք գնում էին կամրջով՝ վերադառնալով պարգեւատրման արարողությունից: Վիրավորների թվում են Լանքաշիրի կոմսության էջ Հիլի համալսարանի չորս ուսանողներ: Լոնդոնի «շտապ օգնության» աշխատակիցները հայտարարել են, որ լուրջ վնասվածքներով 12 մարդ տեղափոխվել է հիվանդանոցներ:

Առայժմ ծայրահեղական կազմակերպություններից ոչ մեկը չի ստանձնել լոնդոնյան հարձակման պատասխանատվությունը, որն իր սցենարով նման է Նիսում եւ Բեռլինում կատարված ահաբեկչական գործողություններին, որտեղ հանցագործներն ավտոմեքենայի տակ են գցել մարդկանց, ինչպես նաեւ Իսրայելում, որտեղ նմանօրինակ գրոհները լայն տարածում էին գտել ոչ վաղ անցյալում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում