Սքոթլանդ-Յարդը ճշտել է Լոնդոնի ահաբեկչության զոհերի թիվը

Լոնդոնում մարտի 22-ին հարձակում իրականացրած ահաբեկիչը գործել է միայնակ, ահաբեկչական նոր գործողությունների սպառնալիք չկա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Սքոթլանդ-Յարդի հակաահաբեկչական ստորաբաժանման ղեկավար Մարկ Ռոուլին:

Այդուհանդերձ, ինչպես նշել է Reuters գործակալությունը, Սքոթլանդ-Յարդի ներկայացուցչի խոսքով, ոստիկանությունը խուզարկություններ է անցկացրել վեց հասցեներով եւ կալանքի տակ վերցրել յոթ մարդու:

Հետաքննչական գործողությունները շարունակվում են, մասնավորապես, Բիրմինգեմում եւ երկրի այլ շրջաններում, նշել է նա: Ռոուլին հավելել է, որ խորհրդարանի շենքի մերձակայքում, որտեղ կատարվել է ահաբեկչությունը, ոստիկանությունն իրականացնում է վերջին հետաքննչական միջոցառումները:

Սքոթլանդ-Յարդը ճշտել է Լոնդոնի ահաբեկչության զոհերի թվաքանակին վերաբերող տվյալները. զոհվել է երեք մարդ: Նրանց թվում կան մի քանի երկրների քաղաքացիներ: Սակայն Ռոուլին չի ճշտել, թե հատկապես որ երկրների մասին է խոսքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում