«Եթե ունեմ օգնելու հնարավորություն ո՛չ քաղաքականությունը և ո՛չ էլ մեկ այլ բան չի կարող խանգարել». Հարություն Կարապողոսյան

Times.am-ի զրուցակիցը ԱԺ պատգամավորի թեկնածու, անկուսակցական Հարություն Կարապողոսյանն է, ով երկար տարիներ զբաղվում է մանուալ թերապիայով կամ ինչպես ժողովրդի շրջանում է ընդունված ասել՝ սնխչությամբ: Հասարակությանը հայտնի «սնխչի Հարութից» փորձեցինք պարզել մի շարք հարցեր, որոնք առնչվում են իր սիրած զբաղմունքին:

-Ի՞նչ է է իրենից ներկայացնում մանուալ թերապիան կամ ինչպես մեր իրականության մեջ է առավել հայտնի՝ սնխչությունը:

-Մանուալ թերապիան կամ սնխչությունը, որպես բուժման տեսակ, հայտնի է դեռ Հիպոկրատի ժամանակներից: Դա ձեռքային բուժական հնարքների համակարգ է, որոնց օգնությամբ կարելի է բավականին արդյունավետ ձերբազատվել մի շարք հիվանդություններից: Մանուալ թերապիան տարբերվում է սնխչությունից նրանով, որ մի փոքր լայն ոլորտ է ընդգրկում: Մանուալ թերապիայի շնորհիվ լավանում է հյուսվածքների սնուցումը, նյութափոխանակությունը, փոխվում է մկանների տոնուսը: Մանուալ թերապիայի մասնագետներն այսօր ձեռնաբուժությամբ կարողանում են կարգավորել արյան շրջանառությունը, շտկել ողնաշարի հետ կապված խնդիրներ: Այնինչ, սնխչությունը ժողովրդը հասկանում է որպես մեծերի կամ երեխաների հոդերի հետ կապված՝ հոդախախտերը շտկող գիտություն կամ զբաղմունք:

-Դուք հանրության շրջանում հայտնի եք որպես սնխչի Հարութ, ե՞րբ և ու՞մ կողմից առաջին անգամ արժանացաք այդ կոչմանը:

-Չեմ կարող հստակ հիշել, թե երբ եմ այդ կոչումը ստացել, բայց հիշում եմ մի դեպք. մոտ 16 տարեկան էի, երբ մեր տուն բերեցին դաստակի հոդախախտմամբ մի երեխա: Մայրը լաց էր լինում, ստիպված ես գրկեցի երեխային: Տատիկս, ով նույնպես հայտնի էր իր ձեռնաբուժությամբ և նշեմ, որ հենց նրանից էլ ես սովորեցի այս գործի հմտությունները, սկսեց բացատրել, թե ինչպես պետք է երեխայի ձեռքը պահեմ, ինչպես շարժեմ, որ հոդախախտը շտկվի: Դա դարձավ նախադեպ. դրանից հետո, երբ երեխա էին բերում տատիկս ջանասիրաբար ինձ ցույց էր տալիս իր կողմից տարվող աշխատանքները: Մի քանի տարի անց, երբ տատիկս առողջական խնդիրներ ուներ և դժվարանում էր միայնակ աշխատել, սկսեց ավելի մանրամասն սովորեցնել ինձ: Նա ինձ փոխանցեց նաև դեղամիջոցներ պատրաստելու իր գաղտնիքներն ու հմտությունները: Դրանք վերաբերում էին մեղվի, օձի թույներին, մեղրամոմին, ակնամոմին և մի շարք այլ բնամթերքներին, որոնք մեզ բնությունն է տալիս: Այնուհետև, գործունեության մի նոր շրջան սկսվեց, երբ ես ինքնուրույն սկսեցի մարդկանց օգնել՝ մոտ 20-25 տարեկանում: Տատիկս այլևս չկար և ինձ նրանից մնացել էին բարի խորհուրդներ, մարդկանց օգնելու պատրաստակամություն և մի հսկայական գրականություն՝ հաստափոր տետրեր, որոնք գրված էին հայերեն տառերով՝ թուրքերեն բառերով: Չեմ կարող ասել տատիկիս հնարամտությունն էր դա, թե ՝ոչ (որպեսզի ոչ ոք չկարողանա կարդա): Այդ տետրերը մինչև այժմ էլ ինձ համար ուղեցույց են: Ես սնխչի կամ մանուալ կոչվածը հասցրեցի գիտական մակարդակի. երկար տարիներ ուսումնասիրեցի ֆիզիոլոգիա, անատոմիա, միկրոբիոլոգիա: Այնպես չէ, որ ես միայն տատիկի ցուցումներով եմ սկսել տրոֆիկ խոցեր բուժել: Ի դեպ, բուժումը հրաշալի է ստացվում այն տարբերությամբ, որ այն իրականացվում է ոչ թե դեղամիջոցներով, որը արտադրվում է լաբորատորիայում և վաճառվում դեղատներում, այլ՝ բնական նյութերով, որոնք բնությունն է տալիս: Մարդիկ օգտագործում են որպես դեմքի կոսմետիկ միջոց, վերքերի, այրվածքների, լնդերի, երկրորդային ինֆեկցիաների և շատ այլ հիվանդությունների բուժման համար: Նշեմ, որ ես եզակի չեմ, դրանով ամբողջ աշխարն է զբաղվում:

– Տատիկից ժառանգած գիտելիքներն արդյո՞ք կփոխանցեք Ձեր ժառանգներին:

-Ես շատ կուզենայի, որ շարունակություն ունենար, բայց դա միայն իմ ցանկությամբ չի կարող լինել: Շարունակողն առաջին հերթին պետք է սիրի իր գործը, եթե մարդն ուզում է դիմացինին օգնի, և տեսնում է, որ ստացվում է՝ հոգով պատրաստ պետք է լինի: Եթե իմ թոռնիկներից որևիցե մեկը ցանկություն հայտնի շարունակել այն, ես մեծ հաճույքով կփոխանցեմ իմ փորձն ու գիտելիքները, որովհետև մարդկությանը պիտանի աշխատանք է: Հավատացնում եմ, երբ օգնում եք առանց որևէ շահ ակնկալելու, հուսահատությունից ազատված մարդու հայտնած շնորհակալությունն ավելի մեծ արժեք ունի, քան մի քանի հազար դրամը:

-Ի՞նչ է Ձեզ համար այդ կոչումը:

-Դժվարանում եմ ասել՝ կոչում է դա, կենսակերպ, թե՝ ապրելաձև: Իմ պարագայում դա կոչում է, որովհետև իմ հիմնական զբաղմումքից զատ աշխատում եմ օգտակար լինել մարդկանց, բացի այդ ես չեմ սպասում, որ ինչ-որ բան երեխաների հետ պատահի, որ ես շտկեմ: Ես դա սիրով եմ անում:

-Ի՞նչ եք կարծում, արդյոք քաղաքականությունը չի խանգարի բժշկի Ձեր կարողությունները օգտագործելուն:

– Ես նոր չէ, որ քաղաքականություն եմ մուտք գործում: Ես քաղաքականությամբ եմ զբաղվում դեռևս 1995 թվականից, երբ առաջին անգամ առաջադրվեցի ԱԺ-ի պատգամավորի թեկնածու: Այդ օրվանից շատ տարիներ են անցել, և ես չեմ դադարել զբաղվել իմ սիրած մարդասիրական զբաղմունքով: Եվ անպես չէ, որ ԱԺ պատգամավոր դառնալու պարագայում կտուժեն այն փոքրիկները, որոնք բուժման կարիք կունենան: Ինձ ճանաչողները լավ գիտեն, որ եթե ունեմ օգնելու հնարավորություն ո՛չ քաղաքականությունը և ո՛չ էլ մեկ այլ բան չի կարող խանգարել: Ես շնորհակալ եմ աստծուն, որ կայացել եմ այս ասպարեզում: 30 տարուց ավել է զբաղվում եմ մանուալ թերապիայով: Այն ինձ համար պարզապես զբաղմունք չէ, այլ կոչում, որը ես դեռ երկար կկրեմ:

Հարցազրույցը վարեց Աննա Ավետյանը

Հետևեք մեզ նաև Telegram-ում