Լոնդոնի ահաբեկչության կապակցությամբ ոստիկանությունը ձերբակալություններ է կատարել Բիրմինգեմում. Sky News

Մարտի 22-ին Լոնդոնում կատարված ահաբեկչական գործողության կապակցությամբ բրիտանական ոստիկանությունը ձերբակալություններ է կատարել Բիրմինգեմ քաղաքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Sky News հեռուստաալիքը: 

Անցած գիշեր իրավակարգի ուժերը գործողություն են իրականացրել Բիրմինգեմում, որտեղ վարձույթով վերցրել են այն ավտոմեքենան, որն օգտագործվել էր Բրիտանիայի մայրաքաղաքում ահաբեկչությունն իրականացնելիս:

Daily Express թերթի տվյալներով՝ տասնյակ զինված սպաներ փակել են Հագլի փողոցը Բրիմինգեմի հարավ-արեւմուտքում: Ոստիկանությունը շարունակաբար խորհուրդ էր տալիս քաղաքի բնակիչներին՝ չհայտնվել այդ շրջանում:

Ինչպես հրատարակությանը հայտնել է Ուեսթ Միդլենսի (կոմսություն Անգլիայի արեւմուտքում) ոստիկանության ներկայացուցիչը, «անցկացվում է ոստիկանական գործողություն, այս փուլում այլ մանրամասներ չեն ներայացվելու»: Մարտի 23-ի առավոտյան Հագլի փողոցը վերաբացվել է երթեւեկույթան համար:

Մարտի 22-ին մի ահաբեկիչ ավտոմոբիլով կանխամտածված վրաերթի է ենթարկել Վեստմինստերյան կամրջի անցորդներին: Այնուհետեւ ավտոմոբիլը թեքվել է դեպի Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենքը եւ բախվել Վեստմինստերյան պալատի պարսպին: Ղեկի առջեւ գտնվող տղամարդը դանակով դուրս է նետվել ավտոմեքենայից եւ վազել դեպի խորհրդարանի շենքը, որտեղ նրա ճանապարհը փակել են ոստիկանները: Տղամարդը դանակով հարձակվել է անզեն ոստիկանի վրա: Այնուհետեւ վրա է հասել զինված ոստիկանական կարգախումբը, որը գնդակահարել է հարձակվողին:

Արդեն ուշ երեկոյան Սքոթլանդ յարդի հակաահաբեկչական ստորաբաժանման ղեկավար Մարկ Ռոուլին հայտնել է, որ չարագործի ինքնությունն արդեն պարզվել է, սակայն մանրամասնությունների մեջ չի մտել:

Լոնդոնի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ, կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել է հինգ մարդ, ներառյալ հարձակվողը, եւս ավելի քան 40-ը վիրավորվել են: Ոստիկանությունը կարծում է, որ Վեստմինստերյան կամրջին անցորդներին վրաերթի ենթարկած եւ ոստիկանին դանակահարած չարագործը կարող է կապված լինել արմատական իսլամիստների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում