Լոնդոնի թիրախավորումը նշանակում է ԻՊ-ի ահաբեկչական գործողությունների տարածքի ընդլայնում. արաբագետ

«Իսլամական պետության» կողմից Լոնդոնի թիրախավորումը նշանակում է ԻՊ-ի ահաբեկչական գործողությունների տարածքի ընդլայնում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

«Եվրոպան իսլամականների թիրախում է: «Իսլամական պետություն»-ն իր ճյուղավորումներն է օգտագործում ազդեցիկ բռնարարքներ իրականացնելու համար: Լոնդոնում կա իսլամականների բավական լուրջ ցանց, կան հնարավորություններ այս ցանցն ակտիվացնելու և ահաբեկչություն իրականացնելու: Ինչպես տեսնում ենք՝ Լոնդոնը թիրախավորվեց, ինչը նշանակում է, որ «Իսլամական պետություն»-ն ընդլայնում է իր գործողություների տարածքը: Դրանով նրանք ցույց են տալիս, որ իրենք ի զորու են այլ հատվածներում ևս իրականացնել ահաբեկչություններ»,-ասաց արաբագետը:

Սարգիս Գրիգորյանը նշեց, որ Լոնդոնի ահաբեկչությունը եվրոպական այլ քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչության շարունակությունն է: Դա «Իսլամական պետության» ընդհանուր քաղաքականության մի մասն է, որովհետև ձեռագիրն է նույնը, ընտրված մեթոդն է նույնը:

Ի՞նչ հետևանքներ կունենա այս ահաբեկչությունը Մեծ Բրիտանիայում, Մերձավոր Արևելքում: Արաբագետը նշեց, որ Մերձավոր Արևելքում ակտիվ գործողությունները կշարունակվեն մինչև ահաբեկչական խմբավորման վերջին օջախը ոչնչացվելը: Նա նկատեց, որ դա ակտիվ փուլի ավարտը կլինի, ինչին կհաջորդի պասիվ փուլը, երբ իսլամականները կտարրալուծվեն և կլծվեն պարտիզանական պայքարի:

«Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիային, ապա չի բացառվում, որ հասարակության մեջ աճեն հակաիսլամական տրամադրությունները: Բայց չեմ կարծում, որ դա զանգվածային կլինի, որովհետև Մեծ Բրիտանիայում մուսուլմանների մեծ համայնք կա, կարծում եմ, խելամիտ կլինեն: Ամեն դեպքում Մեծ Բրիտանիայում հակաահաբեկչական գործողություններ կիրականացվեն, ավելի կխստացվի ռեժիմը: Նորից կրկնեմ. Լոնդոնում «Իսլամական պետության» քնած բջիջներ կան, չի բացառվում դրանց ակտիվացումը: Հետագայում չի բացառվում, որ նման բռնարարքների հանդիպենք ոչ միայն Լոնդոնում, այլև Եվրոպայի այլ քաղաքներում: Սպառնալիքը վերացված չէ», -ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում