Կարեն Կարապետյանը հանձնարարեց համայնքների զարգացման ծրագրերի մշակման գործում ներգրավել բնակիչներին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին և ՀՀ մարզպետներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում կազմակերպել համայնքների զարգացման հնգամյա ծրագրերի վերանայման գործընթացը՝ լիարժեք ներգրավելով համայնքի բնակիչներին համապատասխան քննարկումներում: «2016 թվականի դեկտեմբերին համայնքների ղեկավարներին տրվեց համայնքների զարգացման 5-ամյա ծրագրերի կազմման նոր մեթոդաբանությունը: Արդեն իսկ ստացված 923 համայնքների զարգացման ծրագրերի ինչպես համայնքների բնակիչների հետ հանդիպումների արդյունքները փաստում են, որ համայնքների ղեկավարները դրանք ոչ լիարժեք են քննարկել բնակիչների հետ: Արձանագրվել են դեպքեր, երբ համայնքի բնակիչները առհասարակ տեղյակ չեն դրանց մասին կամ բարձրաձայնում են համայնքի համար կարևոր հիմնահարցեր, որոնք նույնիսկ տեղ չեն գտել այդ ծրագրի մեջ»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, կառավարության նիստում ասաց Կարեն Կարապետյանը:

Միաժամանակ, վարչապետը հանձնարարեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ 3-շաբաթյա ժամկետում ընտրել համայնքների 5-ամյա զարգացման լավագույն ծրագրերը և դրանց վերաբերյալ կազմակերպել քննարկում կառավարության աշխատակազմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում