Կուսակցությունների մի հատված հանդես եկավ հանրությանն այսրոպեական խնդիրները լուծելու առաջարկներով

«Նախընտրական պայքարը կարելի է ընդհանուր առմամբ գնահատել նորմալ, կուսակցություններն ունեն հնարավորություն ազատ, անարգել, հանրության հետ շփվելով ներկայացնել հանրային կյանքի կազմակերպման սեփական ընկալումները, պատկերացումները», -լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ՀՀԿ համապետական ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Խոսրով Հարությունյանը:

Խոսրով Հարությունյանը ենթադրում էր, որ, հաշվի առնելով, որ երկիրն անցում է կատարելու խորհրդարանական կառավարման համակարգին, ընտրարշավում ավելի շատ ականատես կլինեն հանրային կյանքի կազմակերպման, շոշափելի ապագայում տնտեսությանը ոտքի կանգնեցնելու քաղաքական ծրագրերի մրցակցություն, սակայն սպասելիքները չարդարացան:

«Ցավոք, առանձին բացառություններով, կուսակցությունների մի հատված հանդես եկավ հանրությանն այսրոպեական խնդիրները լուծելու առաջարկներով, առաջարկություններ, որոնք նույնիսկ մակերեսային վերլուծությամբ ապացուցում են, որ անիրատեսական են, երկարաժամկետ կտրվածքով քաղաքական լուրջ լիցք չեն պարունակում, այդպես հանրության մոտ ձևավորում են անիրականանալի սպասելիքներ: Սա ամենավտանգավորն է, այսինքն հանրության մոտ տպավորվում է, որ դա հնարավոր է, ով էլ գա իշխանության, այլևս հանրությունը սպասում է դա»,- ասաց Խ. Հարությունյանը:

«Փորձագիտական կարծիքը նաև սկսեց շատ լիդերների սթափեցնել: Օրինակ, պարոն Ծառուկյանն արդեն սկսեց հանդես գալ՝ ես եմ այդ 15 կետերը գրել: Այսինքն զգալով, որ դա իր մեջ տնտեսական, քաղաքական լուրջ լիցք չի պարունակում, հանրության մոտ չի կարող ձևավորել երկրաժամկետ սպասելիքներ, իր քաղաքական վարկանիշի շնորհիվ փորձում է ապահովել, փրկել վստահությունն իրենց իսկ առաջարկած ծրագրի նկատմամբ»,- ասաց նա:

ՀՀԿ սեղանին դրել է քաղաքականության հայեցակարգ, խոսում է ոչ միայն անելու, այլ ինչպես անելու մասին, ինչը շատ էական է, կարևոր է նաև՝ ում միջոցով է դա արվելուն, նշեց Խոսրով Հարությունյանը:

Ըստ բանախոսի բոլոր կուսակցություները, որոնք խոստումներ են տալիս, պարտավոր են նաև հանրությանը ներկայացնել գոնե իրենց ապագա կառավարության ինչ-որ մի կազմ, թեկուզ մի քանի կարևոր դերակատարություն ունեցող նախարարների թեկնածություն, կամ, առաջին հերթին, վարչապետ:

«Օրինակ կասեն՝ խոստանում եք՝ սա կանեք, սա կանեք, վստահում ենք ձեզ, բա չիմանանք ո՞վ է ձեր ապագա վարչապետը, կարող է շատ գեղեցիկ բաներ ասեք, բայց ձեր ապագա վարչապետին ես չվստահեմ, և արդյունքում մենք ունենանք ֆիասկո: Բացառված չէ, որ զարգացման ինչ-որ փուլում հանրությունը սկսի գիտակցել հարցադրումը՝ իսկ ո՞ւմ միջոցով եք ձեր խոստումները կատարելու և սկսի, արդարև, ընտրություն կատարել ելնելով, թե ովքեր են առաջին դեպքերը: ՀՀԿ-ն շատ պարզ է, թափանցիկ և ընկալելի, ասել է՝ ահա մեր վարչապետը, գիտենք, ով է լինելու պաշտպանության, ֆինանսների նախարարները»,- ասաց պատգամավորը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում