Պուտինը ցավակցություն է հայտնել Մեյին Լոնդոնի ահաբեկչության կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին՝ Լոնդոնում կատարված ահաբեկչական գործողության ողբերգական հետեւանքների կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Ակներեւ է, որ ահաբեկչական սպառնալիքին դիմակայելու համար պահանջվում է համաշխարհային հանրակցության բոլոր անդամների ջանքերի իրական միավորումը»,-նշել է ՌԴ ղեկավարը ցավակցական հեռագրում:

«Ահաբեկչության ուժերն ավելի ու ավելի նենգորեն ու ցինիկորեն են գործում»,-արձանագրել է պետության ղեկավարը: Նա նաեւ կարեկցանքի եւ զորակցության խոսքեր Է փոխանցել զոհվածների ընտանիքներին եւ շուտափույթ ապաքինման մաղթանքներ՝ բոլոր նրանց, ովքեր տուժել են ծայրահեղականի գործողություններից:

Մարտի 22-ին մի ահաբեկիչ ավտոմոբիլով կանխամտածված վրաերթի է ենթարկել Վեստմինստերյան կամրջի անցորդներին: Այնուհետեւ ավտոմոբիլը թեքվել է դեպի Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենքը եւ բախվել Վեստմինստերյան պալատի պարսպին: Ղեկի առջեւ գտնվող տղամարդը դանակով դուրս է նետվել ավտոմեքենայից եւ վազել դեպի խորհրդարանի շենքը, որտեղ նրա ճանապարհը փակել են ոստիկանները: Տղամարդը դանակով հարձակվել է անզեն ոստիկանի վրա: Այնուհետեւ վրա է հասել զինված ոստիկանական կարգախումբը, որը գնդակահարել է հարձակվողին:

Լոնդոնի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ, կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել է երեք մարդ, եւս ավելի քան 40-ը վիրավորվել են: Ոստիկանությունը կարծում է, որ Վեստմինստերյան կամրջին անցորդներին վրաերթի ենթարկած եւ ոստիկանին դանակահարած չարագործը կարող է կապված լինել արմատական իսլամիստների հետ:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պատահարը որակել է հրեշավոր եւ նողկալի հարձակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում