Իրանի նախագահը երկօրյա այցով Ռուսաստան կժամանի մարտի 27-ին

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին մարտի 27-ին Ռուսաստան կժամանի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

Ինչպես հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը, «պետությունների ղեկավարների բանակցությունների ընթացքում մարտի 28-ին պլանավորվում է քննարկել ռուս-իրանական համագործակցության հարցերի ողջ համալիրը»: «Ենթադրվում է հատուկ ուշադրություն հատկացնել առեւտրատնտեսական եւ ներդրումային կապերի ընդլայնման հեռանկարներին, այդ թվում՝ Էներգետիկայի եւ տրանսպորտային ենթակառուցվածքի ոլորտում խոշոր համատեղ նախագծերի իրականացման համատեքստում»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Նաեւ Պուտինը եւ Ռոուհանին կշարունակեն կարծիքներ փոխանակել համաշխարհային եւ տարածաշրջանային օրակարգի հրատապ թեմաների շուրջ:

Բանակցությունների արդյունքում կստորագրվեն մի շարք երկկողմ փաստաթղթեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում