Ոչ մեկն օգնություն չի խնդրում, պայման ու հնարավորություն են ուզում

Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի ընտրողների հետ:

Իր ելույթում Գագիկ Ծառուկյանն ընդգծեց, որ երկրում փոփոխությունների անհրաժեշտություն կա, որոնց շնորհիվ հնարավոր կլինի մարդկանց համար պայմաններ ստեղծել արժանապատիվ ապրելու համար: «Ես քարոզարշավի շրջանակում շրջում եմ հանրապետության ողջ տարածքով, ծանոթանում եմ բոլորի խնդիրներին: Ոչ մեկն օգնություն չի խնդրում, պայման ու հնարավորություն են ուզում, որ կարողանան ապրել: Ես կարծում եմ, որ ցանկացած ղեկավար պետք է գյուղերում շրջի, մտնի մարդկանց տները, տեսնի նրանց խնդիրներն ու հասկանա, թե ինչ կարող է փոխել»,- նշեց Ծառուկյանը:

Գագիկ Ծառուկյանը կրկին անդրադարձավ դաշինքի նախընտրական ծրագրում նախանշված 15 կետերին` ընդգծելով, որ դրանց իրագործումը նպաստավոր պայմաններ կստեղծի մարդկանց սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու համար: Նա հերթական անգամ խոսեց թոշակներն ու աշխատավարձերը բարձրացնելու, գազի և էլեկտրաէներգիայի սակագները նվազեցնելու, գյուղատնտեսական վարկերի տոկոսներն իջեցնելու անհրաժեշտության մասին:

Նրա խոսքով` մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու համար ամենակարևոր առաջնահերթություններից մեկը աշխատատեղերի ստեղծումն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում