ՀՅԴ-ականները Տավուշում խոստացել են ապագա կառավարության կազմում նպաստել երկրի տնտեսության զարգացմանը

Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամները նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպումներ են ունեցել Տավուշի մարզի մի շարք համայնքների բնակիչների հետ: Դաշնակցականները Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի և ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի գլխավորությամբ շրջել են մարզ ի մի շարք համայնքներում, ապա կանգ առել Գանձաքար համայնքում, որի ղեկավարը ՀՅԴ-ական է:

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը գանձաքարցիներին կոչ արեց նախապատվությունը տալ ՀՅԴ-ին, քանի որ իրենք մյուս քաղաքական ուժերի նկատմամբ առավելություն ունեն: Վարդանյանը թվարկեց իրենց առավելությունները: «Ո՞ր կուսակցությունն է, որ մեկ անձի կուսակցություն չէ: Տեսնում եք, որ շատերը կախված են մեկ անձից, այդ անձն ինչ ասում է, մյուսները նրա հետևից կրկնում են, այդ մարդը չլինի, կուսակցությունից ոչինչ չի մնա: Ո՞ր կուսակցությունն է, որ հավաքական ղեկավարություն ունի: Միայն Դաշնակցությունն է, որի բոլոր տարածքային թեկնածուները կ? ?ղք կողքի աշխատում են մեկ նպատակի` կուսակցությանը ձայն բերելու համար: Իսկ մնացած քաղաքական ուժերի թեկնածուները միմյանցից ձայն են խլում ու մրցակցում են միմյանց դեմ»,- ասաց Վարդանյանը:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ կառավարության կազմում լինելով` իրենք ամեն կերպ նպաստելու են երկրի տնտեսության զարգացմանը: «Կանենք սա, մենք կշարունակենք աշխատել այդ կառավարությունում, չենք անի` չենք աշխատի: Դուք շատ լավ եք հիշում, 8-9 տարի առաջ մենք մեկ օրվա ընթացքում դաշնակցական բոլոր նախարարներով դիմում գրեցինք և ազատվեցինք մեր պաշտոններից հայ-թուրքական արձանագրությունների պատճառով: Նույնը մենք պատրաստ ենք անել, եթե ապագա կառավարությունը չի առաջնորդվելու տնտեսական այն բարեփոխումներով, որ մենք որդեգրել ենք»,- եզրափակեց Լոքյանը:

Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունները կկայանան ապրիլի 2-ին: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մարտի 5-ից և կշարունակվի մինչև մարտի 31-ը: Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 9 քաղաքական ուժ, որից 5-ը կուսակցություններ են, 4-ը դաշինք: Ազգային ժողովի ընտրություններին կմասնակցեն Հայաստանի Հանրապետական, «Հայկական վերածնունդ», Հայաստանի Կոմունիստական, Հայ Յեղափոխական Դաշնակցություն, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները, ինչպես նաև «Ծառուկյան», «Ելք», Կոնգրես-ՀԺԿ և «Ելք» դաշինքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում