Էրդողանը կոշտ է պատասխանել Բուլղարիային

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը կոշտ պատասխան է տվել Բուլղարիային:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

«Խոսում եք ժողովրդավարությունից, բայց Բուլղարիայում գտնվող թուրքերին ճնշում եք, այդպես չի կարող լինել»,– խոսելով Բուլղարիայում սպասվող ընտրությունների մասին՝ ասել է Էրդողանը:

Բուլղարիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու մարտի 26-ին:

Բուլղարիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ առաջատար երկու կուսակցությունների ղեկավարները Թուրքիային հորդորել են դադարեցնել միջամտությունն ընտրական գործընթացին:

Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Կորնեիլա Նինովան անընդունելի է համարել Թուրքիայի ղեկավարների կողմից հնչեցված կոչերն այս կամ այն կուսակցության օգտին քվեարկելու վերաբերյալ: «Մեր կուսակցությունը վճռականորեն մերժում է մեր ներքին գործերին որևէ երկրի միջամտությունը»,– նշել է նա:

Աջակողմյան ԳԵՐԲ («Բուլղարիայի եվրոպական զարգացման քաղաքացիներ») կուսակցության առաջնորդ, վարչապետ Բոյկո Բորիսովը ևս իր անհանգստությունն է հայտնել թուրքական միջամտությունների առնչությամբ: «Նման միջամտությունն անընդունելի է»,– հայտարարել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում