ՀՀ սփյուռքի, Մշակույթի և Առողջապահության նախարարները ստորագրել են համատեղ հրամաններ

Սփյուռքի նախարարությունում ՀՀ սփյուռքի, ՀՀ մշակույթի և ՀՀ առողջապահության նախարարները մարտի 23-ին ստորագրեցին համատեղ հրամաններ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ստորագրեցին համատեղ հրաման՝ Հայաստան-Սփյուռք գործակցության, առողջապահության բնագավառում Սփյուռքի հետ համակողմանի կապերի զարգացման, Սփյուռքում հայապահպանության օժանդակման, Հայաստանում և Սփյուռքում միջոցառումները համատեղ ու արդյունավետ իրականացնելու վերաբերյալ:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ստորագրեցին համատեղ հրաման՝ Հայաստան-Սփյուռք գործակցության, մշակութային համագործակցության զարգացման, սփյուռքում հայկական մշակույթի տարածման և հայակական արժեքների քարոզման, հայապահպանության օժանդակման և հայրենասիրության սերմանման, ինչպես նաև Հայաստանում և Սփյուռքում մշակութային ոլորտում միջոցառումները համատեղ ու արդյունավետ իրականացնելու վերաբերյալ:

Ծրագրով նախատեսված միջոցառումների կատարումը համակարգելու նպատակով գործելու են համակարգող հանձնաժողովներ:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Հայաստանի Վարչապետ Կարեն Կարապետյանը բազմիցս նշել է, որ Սփյուռքի անմիջական մասնակցությամբ Հայաստանը հնարավորություն կունենա արագ արդյունքներ արձանագրելու առանցքային ոլորտներում և տարածաշրջանում ունենալու տնտեսական, առողջապահական, կրթական, մշակութային առաջատար համակարգեր: Այսպիսի համատեղ հրամանների ստորագրումով մենք պիտի փորձենք գտնել նոր կառուցակարգեր և ճանապարհներ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման, Սփյուռքի ներուժը Հայաստանում օգտագործե լու և Սփյուռքում հայապահպանությունն իրականացնելու ուղղությամբ»:

Սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց Մշակույթի և Առողջապահության նախարարներին՝ համագործակցելու պատրաստակամության համար:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ևս շնորհակալություն հայտնեց նախարար Հրանուշ Հակոբյանին նման նախաձեռնության համար՝ նշելով. «Այս հրամանները ենթադրում են հստակ գործողությունների ծրագրեր, և մի քանի ամիս անց մենք արդեն կխոսենք արդյունքների մասին»:

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը կարևորեց Հայաստանի անկախության տարիներին Սփյուռքի հայ մասնագետների, բժիշկների դերը՝ Հայաստանի առողջապահական համակարգի զարգացման գործում: «Մենք պետք է անենք հնարավոր ամեն բան՝ հայ բժիշկների և բուժակների համար նորանոր աշխատատեղեր ստեղծելու համար», – հավելեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում