Փոխնախարար Առաքելյանը պարզաբանում է Հյուսիս-հարավ ծրագրով կամուրջների կառուցման հարցը

Կամուրջների վերաբերյալ վարչապետի կոշտ դիտողությունը վերաբերում էր Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման ծրագրի շրջանակում ընթացող շինարարությանը: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արթուր Առաքելյանը: «Դեպի Արտաշատի և Աշտարակի հատվածներում կան որոշ ենթակառուցվածքներ, որոնք իրականացվում են հիմնական ճանապարհի ծրագրի ավարտից հետո: Դրա պատճառն այն էր, որ այդ ենթակառուցվածքներն իրականացվում են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի արդյունքում կատարված տնտեսումների հաշվին, որը մեզ հնարավորություն տվեց ի լրումն ծրագրի՝ արդիականացնել նաև այդ ենթակառուցվածքը: Այժմ այդ ճանապարհներին ընթանում է կամուրջների ու ուղեանցերի շինարարություն»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Առաքելյանը՝ ավելացնելով, որ աշխատանքների տևողությունը սահմանված է մինչև 2017 թվականի ավարտը, բայց ըստ շինարարների հետ ձեռք բերված պայմանավորվածության, նախատեսում են հիմնական մասն ավարտել մայիսին, բացել երթևեկությունը, իսկ բարեկարգման աշխատանքներն արդեն բաց երթևեկության ժամանակ կատարել: Աշխատանքների համար ծախսվելու է 1.5 մլն դոլար, կառուցվում է 9 կամուրջ ու ուղեանց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում