ՊԵԿ փոխնախագահն առանձնացնում է հարկային և մաքսային բարեփոխումների առաջին փուլի ձեռքբերումները

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը հարկային և մաքսային համակարգերի բարեփոխումների առաջին փուլի արդյունքներում որոշակի ձեռքբերումներ է առանձնացնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ առաջին փուլում ներդրվել է ինքնազբաղված անձանց համար առավել արտոնյալ պայմանների սահմանում, օտարերկրյա ֆիզիկական անձանց ԱԱՀ-ի վերադարձի կիրառության շրջանակների ընդլայնում, հարկային ստուգումների առավել հասցեական և առավել արդյունավետ դարձնելու նպատակով 6 ամսվա ընթացքում հարկ վճարողների ռիսկայնության աստիճանը գնահատող չափանիշների վերանայում, հարկային և մաքսային վարչարարության իրականացման ընթացքում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով գործընթացի պարզեցում և ամբողջական անցում հաշվետվության էլեկտրոնային համակարգին, փաստաթղթաշրջանառության մակարդակի բարձրացում և մաքսային ընթացակարգերի հետ կապված ծրագրային դրույթներ:

Նրա խոսքով` ինքնազբաղված անձանց մասով ընդունվել է համապատասխան օրենք և նրանք ազատվել են հարկային պարտավորություններից և շուրջ 1500 սուբյեկտներ արդեն իսկ օգտվում են այս համակարգից:

«Այն ունի նպատակ հասնել այնպիսի իրավիճակի, որ ինքնազբաղված անձինք դառնան գործատուներ: Կարծում ենք, այս մեխանիզմը նպաստելու է դրան: Օտարերկրյա ֆիզիկական անձանց ԱԱՀ-ի վերադարձի կիրառության շրջանակների ընդլայնման գործիքակազմը նպաստել է, որ շուրջ 50 տոկոսով ավելանա առևտուրը: Այսինքն` եթե անցած տարի շուրջ 480 մլն դրամ գումար ենք վերադարձրել, ապա մեր այս մեկ ամսվա հաշվարկներով տեսնում ենք, որ տնտեսվարող սուբյեկտներից շուրջ 50 տոկոսով գնումներն ավելացել են: Հարկային ստուգումներն առավել հասցեական և առավել արդյունավետ դարձնելու նպատակով 6 ա մսվա ընթացքում հարկ վճարողների ռիսկայնության աստիճանը գնահատող չափանիշների վերանայումը հնարավորություն է տալու բացառել սուբյեկտիվ դրսևորումները: Այստեղ մարդկային գործոնը բացառվում է»,- ասաց Միրումյանը` հավելելով, որ փաստաթղթերի դուրսգրման առումով կարելի է արձանագրել շուրջ 25 տոկոսի բարելավում, ինչի արդյունքում մի քանի ամիսների ընթացքում հաջողվել է շուրջ 720 մլն դրամ լրացուցիչ գումար ուղղել պետբյուջե:

ՊԵԿ փոխնախագահի խոսքով` գործնականում կարևոր են նաև մաքսային ընթացակարգերի հետ կապված ծրագրային դրույթները, մասնավորապես՝ մաքսային արժեքների որոշումները, որի արդյունքում ներկայումս ՀՀ ներմուծվող ապրանքների 60-65 տոկոսի հայտարարագրումը կատարվում է և մաքսային արժեքը որոշվում է գործարքի գնի մեթոդով և հիմք են ընդունվում արտահանման երկրից ստացած համապատասխան փաստաթղթերը: Նրա հավաստմամբ` այս գործիքակազմը տալիս է նվազ կոռուպցիոն ռիսկերի հնարավորություն, ժամանակային խնայողություն և հարմարավետություն մաքսային հայտարարագրում իրականացնելիս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում