Լոնդոնում կատարված ահաբեկչությունից տուժել են 11 երկրների քաղաքացիներ

Լոնդոնում իրականացված ահաբեկչությունից տուժել են 11 երկրների քաղաքացիներ, նրանցից 12-ը բրիտանացիներ են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել Է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը: 

Տուժել են 11 ազգությունների մարդիկ. 12 բրիտանացի, երեք ֆրանսիացի, երկու ռումինացի, Հարավային Կորեայի չորս քաղաքացի, մեկ լեհ, մեկ գերմանացի, մեկ իռլանդացի, Չինաստանի մեկ քաղաքացի, ԱՄՆ-ի մեկ քաղաքացի, մեկ իտալացի եւ Հունաստանի երկու քաղաքացի»,-ասել է Մեյը՝ ելույթ ունենալով խորհրդարանում:

Նրա խոսքով՝ վիրավորվել են երեք ոստիկաններ, նրանցից երկուսն այժմ գտնվում են հիվանդանոցում՝ ծայրահեղ ծանր վիճակում:

Մարտի 22-ին ավտոմեքենան, որի ղեկին գտնվում էր ահաբեկիչը, Լոնդոնի Վեստմինստերյան կամրջին վրաերթի է ենթարկել անցորդների եւ երեք ոստիկանների: Վարորդը մեքենան լքել է բրիտանական խորհրդարանի շենքի մոտ, իսկ այնուհետեւ դանակներով նետվել ոստիկանի վրա եւ փորձել է ներխուժել խորհրդարան, բայց գնդակահարվել է իրավակարգի պահապանների կողմից:

Արտակարգ պատահարի հետեւանքով զոհվել է երեք մարդ, տուժածների թիվը հասնում է մի քանի տասնյակի:

Սքոթլանդ-Յարդը միջադեպը որակել է որպես ահաբեկչական գործողություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում