Սփյուռքի հետ համատեղ համագործակցության մասին հրաման ստորագրվեց երեք նախարարությունների միջև

ՀՀ սփյուռքի նախարարությունը ներկայացրեց մի շարք կառույցների հետ համագործակցության արդյունքում հրատարակված գրքերը: Միաժամանակ, Սփյուռքում հայապահպանությանն օժանդակելու եւ մշակութային համատեղ ծրագրեր իրականացնելու, ինչպես նաեւ համատեղ առողջապահական խնդիրների իրագործելու համար ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի եւ Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի հետ համատեղ հրամաններ ստորագրեց:

Հրանուշ Հակոբյանը կարեւորեց նախարարությունների հետ համագործակցությունը Սփյուռքի ներուժն օգտագործելու հարցում:

«Ինչպես հիշում եք, հանրապետության վարչապետը հանձնարարություն էր տվել, որպեսզի Սփյուռքի ներուժը օգտագործելու նպատակով կարողանանք համագործակցել եւ գտնել հնարավորություններ ու եզրերը, որոնց համաձայն կարելի է տարբեր նախարարությունների հետ անցկացնել միջոցառումներ: Այդ իսկ պատճառով երեք նախարարներով, նաեւ Կրթության եւ գիտության նախարարի հետ միասին որոշում կայացվեց համատեղ հրամաններ ստորագրել, որպեսզի ստեղծվեն համապատասխան աշխատանքի խմբեր, որոնք կհետեւեն Հայաստանում եւ Սփյուռքում իրականացվելիք միջոցառումների կատարմանը: Հայապահպանության գլխավոր զենքը հատկապես Սփյուռքում հայ մշակույթն է, որը պետք ոչ միայն պահպանենք ու զարգացնենք, այլեւ հայ երիտասարդությանը լցնենք մշակույթով, որպեսզի նրանք հայ մնան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հրանուշ Հակոբյանը:

Մշակույթի նախարարի խոսքով՝ շատ շուտով արդեն իսկ կներկայացվեն համատեղ ծրագրերի արդյունքները:

«Մենք պարզապես իրավունք չունենք չօգտագործելու Սփյուռքի ներուժը եւ օգտագործելու տարբեր առումներով: Անչափ կարեւոր եմ համարում այս համատեղ հրամանը, քանի որ այն արդեն իսկ նշանակում է կոնկրետ գործողությունների ծրագիր, պատասխանատուներ եւ ժամկետներ: Մոտ ապագայում՝ մի քանի ամիս հետո, մենք կարձանագրենք մեր սկսած գործողությունների արդյունքներն ու հաջողությունները. ինչու հաջողություններ, որովհետեւ արդեն իսկ ունենք շատ հստակ պայմանավորվածություններ Սփյուռքի մշակույթի գործիչների հետ»,-ընդգծեց Արմեն Ամիրյանը:

Լեւոն Ալթունյանը նույնպես կարեւորեց համատեղ ստորագրված հրամանը՝ նշելով, որ այն նպաստելու է բժշկության ոլորտի հետագա զարգացմանը:

«Բոլորս գիտենք, եւ գաղտնիք չէ, որ անկախության բոլոր տարիներին օգտագործել ենք սփյուռքահայ բժիշկների ներուժը առողջապահության բոլոր ինստիտուտներում տարբեր ուղղություններով: Ժամանակն է ոչ միայն անդրադառնալ հայ հանճարների ներուժին եւ նրանց ներդրմանը հայ անկախության, հայ բժշկության մեջ, բայց նաեւ ստեղծել աշխատատեղեր շարքային բժիշկների, բուժակների համար: Այս առումով համագործակցությունը սկիզբ կդնի շարունակական եւ համակարգված աշխատանքի»,-եզրափակեց Առողջապահության նախարարը:

Ներկայացված աշխատությունները մշակվել էին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի, լեզվի ինստիտուտի, Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի եւ այլ կառույցների պրոֆեսորների եւ ակադեմիկոսների կողմից: Ցանկը ներառում էր «Գրական արեւմտահայերենի ուսումնասիրության պատմություն», «Գրաբարի ներկայացում համընդհանուր ցանցային լեզվի բառարանային համակարգում», «Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը Թուրքիայի հասարական-քաղաքական դիսկուրսում» եւ այլ աշխատություններ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում