Աբու Դաբիում կայացած հայ֊էմիրաթական ներդրումային համաժողովը նոր լիցք է հաղորդել երկու երկրների գործարար շրջանակներին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԱՄԷ կատարած աշխատանքային այցի շրջանակում, մարտի 22-ին՝ Աբու Դաբիում կայացել է հայ֊էմիրաթական ներդրումային համաժողովը։ Համաժողովը կազմակերպվել է Նախագահ Սերժ Սարգսյանի և Աբու Դաբի էﬕրության թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի բարձր հովանավորությամբ:

Համաժողովի նպատակն էր խթանել Հայաստանի և արաբական երկրների տնտեսական կապերի ակտիվացումը, գործարարների միջև շփումները, ինչպես նաև ներկայացնել Հայաստանի ներդրումային միջավայրը և առաջարկել տարբեր ոլորտներում փոխշահավետ ներդրումային նախագծեր:

Համաժողովի շուրջ 300 մասնակիցների թվում էին պետական պաշտոնյաներ, հիմնադրամների ղեկավարներ, վերազգային ընկերությունների, միջազգային կազմակերպությունների, Հայաստանում օտարերկրյա ներդրումների հաջող փորձ ունեցող ընկերությունների ներկայացուցիչներ։ Հայկական կողմից մասնակցել են ավելի քան 120, իսկ էմիրաթական կողմից` շուրջ 100 ընկերությունների ներկայացուցիչներ:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը գործարար համաժողովի ժամանակ մի շարք հանդիպումներ է ունեցել երկու երկրների գործարար համայնքների ներկայացուցիչների հետ, որոնց արդյունքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ: Այս մասին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Համաժողովի շրջանակում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը հանդիպել է Ազատ տնտեսական գոտիների համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչների հետ։ Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ Հայաստանը կանդամակցի կազմակերպությանը, իսկ կազմակերպությունն իր հերթին կաջակցի Հայաստանի Հանրապետությունում ազատ տնտեսական գոտիների, մասնավորապես նոր ստեղծվող Սյունիքի ԱՏԳ-ի, զարգացմանը։

Համաժողովի ընթացքում KPMG ընկերությունը ներկայացրել է Հայաստանի ներդրումային բարենպաստ միջավայրը, այնուհետև ցուցադրվել են գյուղատնտեսության, գյուղմթերքի վերամշակման, այլընտրանքային էներգետիկայի, անշարժ գույքի, ՏՏ, առողջապահության և դեղագործության, զբոսաշրջության, ենթակառուցվածքների ոլորտների, ինչպես նաև այդ ոլորտներում հաջողակ բիզնեսների շնորհանդեսները։

Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտի զարգացումները, օրենսդրական կարգավորումները և ներդրումային հնարավորությունները: Նշվել է, որ 2016 թ. նախորդ երկու տարիների համեմատ 3 անգամ ավելացել է ԱՄԷ-ից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը։

Շնորհանդեսների ավարտից հետո կայացել են գործարարների երկուստեք (B2B) հանդիպումներ գյուղատնտեսության և գյուղմթերքի վերամշակման, վերականգնվող էներգետիկայի, անշարժ գույքի և շինարարության, ՏՏ և ճշգրիտ ճարտարագիտության, առողջապահության և դեղագործության, զբոսաշրջության, ադամանդագործության և ոսկերչության, տեքստիլի, բանկային և խորհրդատվական, տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտները ներկայացնող ընկերությունների միջև։

Հանդիպումներն անցել են գործնական և փոխշահավետ մթնոլորտում՝ նախօրոք կազմված ժամանակացույցով։ Էմիրաթական կողմին հատկապես հետարքրել է հայկական գյուղատնտեսական արտադրանքը։ Քննարկումներ են եղել ցանցային ընկերությունների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել ներկայացնել հայկական արտադրանքն իրենց հարթակներում։

Հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել մի շարք պայմանավոևվածություններ։ Մասնավորապես, նախնական պայմանավորվածությամբ, առաջիկայում նախատեսվում է Զբոսաշրջության պետական կոմիտեի պատվիրակության այցը ԱՄԷ, որի ընթացքում տեղի տուրօպերատորներին առավել մանրամասն կներայացվեն Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները։

Համաժողովի ընթացքում կնքվել են մի շարք հուշագրեր․ ՀՀ էներգետիկայի նախարարության և էմիրաթական ընկերության միջև՝ ՀՀ վերականգնվող էներգետիկայի ոլորտում 100 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ կատարելու վերաբերյալ, նույն ընկերության հետ համագործակցության հուշագիր է ստորագրվել ՓՀԷԿ միության կողմից, «Թամարա» ընկերությունը հուշագիր է ստորագրել էմիրաթական իր գործընկերոջ հետ։

Հայ-էմիրաթական ներդրումային համաժողովը նոր լիցք է հաղորդել երկու երկրների գործարար շրջանակներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում