Հայաստանն առաջնային դեր ունի ֆրանկոֆոն տարածքի ստարտափների զարգացման համար

Ֆրանկոֆոն երկրները կատարելապես տիրապետում են տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիաների հետեւանքով առաջացած վերափոխումներին եւ ներգրավված են համաշխարհային թվային տնտեսության մեջ: Այս մասին «Ֆրանկոֆոն ստարտափները եւ թվային նորարարությունը» խորագրով հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն՝ նշելով, որ Հայաստանը, որպես ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ` առաջնային դեր ունի ֆրանկոֆոն տարածքի ստարտափների զարգացման համար: «Որպես ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երկիր` Հայաստանը շատ կարեւոր դերակատարություն ունի այս սեկտորի համար` մանավանդ ֆրանկոֆոնիայի 2018 թվականին նախապատրաստվելիք գագաթնաժողովի նախաշեմին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց դեսպանը:

Շարպանտիեի խոսքով` տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիաները ծնունդ տվեցին թվային մի էկոհամակարգի, որը հեղափոխեց մեր հասարակությունը: Թվային տեխնոլոգիաների, ցանցերի եւ ծառայությունների շնորհիվ առաջացած աննախադեպ տնտեսական աշխուժությունից զատ, ՏՀՏ-ները բարելավեցին մարդկանց կյանքը տարբեր ոլորտներում: «Ֆրանսիայի կառավարությունը իր առջեւ նպատակ է դրել թվայնացված ծառայությունների օգտագործումը վերածել մի կարեւոր հաղթաթղթի եւ դարձնել սոցիալական առաջընթացի շարժիչ ուժը»,-հավելեց նա:

Տնտեսական այս հանդիպումը նպատակ ուներ դիտարկել ոլորտի խնդիրները ֆրանկոֆոն տարածքում: Տնտեսական հանդիպման ավարտին երիտասարդների համար «Ինչպես գտնել քո ստարտափի գաղափարը» թեմայով սեմինար կազմակերպվեց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում