ՊԵԿ բարեփոխումների երկրորդ փուլը ենթադրում է տնտեսական աշխուժացում

Պետական եկամուտների կոմիտեն բարեփոխումների նոր փուլ է սկսում: Կոմիտեն մշակել է հարկային և մաքսային համակարգի բարեփոխումների հագեցած ծրագիր: Հարկ վճարողների համար ՊԵԿ-ի նախաձեռնած հարկային և մաքսային բազմաթիվ գործընթացները դյուրացնող դրույթները քննարկվել են նաև «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի հետ: ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ բարեփոխումների առաջարկությունները 4 հիմնական նպատակ են հետապնդում` Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված հարկային գործիքակազմի ընդլայնում, օրինապահ հարկ վճարողների կարգավիճակի և նրանց տնտեսական խթանների ամրապնդում, ստվերի դեմ պայքարի միջոցառումներ և մաքսային ընթացակարգերի պարզեցում:

«Կարծում ենք այս միջոցառումների հետևանքով ունենալու ենք ռազմավարական արդյունքներ: Թեպետև սկզբնական շրջանում եկամուտների առումով հնարավոր է ունենանք որոշակի բացասական ազդեցություններ, բայց ռազմավարական ժամանակահատվածում ունենալու ենք տնտեսական աշխուժացում, նպաստելու ենք արտադրությունների հիմնմանը և այն հարկերը, որոնք չեն վճարվել հարկային սահմանին` փոխհատուցելու ենք ներքին տնտեսությունից»,- վստահեցրեց Միրումյանը:

«Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանի խոսքով` ՊԵԿ-ի հետ այս ուղղությամբ շատ կառուցողական և արդյունավետ են աշխատել: Նա հույս հայտնեց, որ այս աշխատանքները դեռ սկիզբն են և երկարաժամկետ գործունեության ընթացքում համագործակցությունները շարունակվելու են:

«Այս միջոցառումների հիմնական նպատակը բիզնեսի մրցունակության բարձրացումն է: Այն մի քանի ձև ունի` արտադրողականության բարձրացում, համապատասախան ծախսերի նվազեցում, արդյունավետության բարձրացում: Ի վերջո դրանք հետաքրքրական կդարձնեն լրացուցիչ ներդրումների համար: Ընդ որում ոչ միայն Հայաստանու ձեռներեցությամբ զբաղվելու տեսակյունից այլ նաև հաևան երկրների»,- ասաց Խաչատուրյանը` հավելելով, որ անընդհատ հետևելու են այս գործիքակազմերի աշխատանքներին և մոնիթորինգի հետևանքով շտկումներ են իրականացնելու:

ՊԵԿ բարեփոխումների երկրորդ փուլի հիմնական ուղղություններն են`

Օրինապահ հարկ վճարողներին տրամադրվող տնտեսական խթանների ընդլայնում, օրինակ՝ արտահանող անձանց ԱԱՀ-ի գերավճարների հետ վերադարձման ավելի կարճ ժամկետների սահմանում, գնումների գործընթացին մասնակցության պայմանների դյուրացում:

ՓՄՁ սուբյեկտների շրջանառության հարկի հաշվարկման ինքնաշխատ համակարգի ներդրում (pre-filing) հարկային մարմնի էլեկտրոնային կառավարման համակարգում, որը շրջանառության հարկի հաշվարկը ՓՄՁ-ներին հասանելի կդարձնի նաև ՀԴՄ-ի միջոցով:
Մաքսային սահմանին ԱԱՀ-ի կիրառման վերացում՝ ԱԱՀ վճարողների կողմից ՀՀ ներմուծվող մեքենասարքավորումների և հումքի համար:

Վարչական պատասխանատվության կիրառման ինստիտուտի վերանայում, այդ թվում՝ առաջին անգամ կատարվող հարկային իրավախախտումների համար տուգանքի փոխարինում նախազգուշացմամբ բոլոր այն հարկային իրավախախտումների մասով, որոնց համար հարկային օրենսդրությամբ սահմանված են պատասխանատվության միջոցներ:

Հարկ վճարողների կողմից տարվա արդյունքներով իր վճարած հարկերի ծախսման ուղղությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում էլեկտրոնային եղանակով, եթե հարկ վճարողը դիմել է նման տեղեկատվություն ստանալու համար:
Մաքսային հսկողության համար «Կապույտ ուղի» ընթացակարգի ներդրում, ինչը նշանակում է, որ մաքսային հսկողությունը սահմանին նվազագույնի է հասցվում, փոխարենը տնտեսավարող սուբյեկտը տեղեկացվում է, որ մաքսային հսկողությունը լինելու է հետբացթողումային փուլում: Այդ նպատակով ներդրվելու է ռիսկերի կառավարման համակարգ:

Տնտեսավարող սուբյեկտների ներկայացուցիչների անմիջական մասնակցությամբ և ներգրավմամբ՝ մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագրերի լրացման գործառույթի իրականացում (մաքսային ծառայությունների մատուցում)՝ պահպանելով նաև ինքնահայտարարագրման և մաքսային ներկայացուցիչների միջոցով հայտարարագրման հնարավորությունները:

Մաքսային իրավախախտումների համար սահմանված պատասխանատվության վերանայում՝ նվազ կարևորություն ունեցող իրավախախտումների դեպքում պատասխանատվության միջոցների մեղմացում, իսկ կրկնվող խախտումների դեպքում՝ խստացում:

ՀՀ-ում կատարվող ներդրումներն արագ հետ գնելու և այդ կերպ Հայաստանի ներդրումային գրավչությունը բարձրացնելու նպատակով կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրերի շրջանակներում իրականացվող գործունեության մասով բոլոր հիմնական միջոցների համար հարկ վճարողների ընտրությամբ ամորտիզացիոն մասհանումների նորմաները սահմանել 1 տարի (ներկայումս հիմնական միջոցների գերակշիռ մասի համար 5-ից 20 տարի է):
10. Անվերապահորեն շարունակել ստվերային շրջանառությունների կրճատմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումները՝ ներառելով նաև հետևյալ գործիքակազմը.

Ներդնել հարկ վճարողների գործունեության անհատական վերլուծության համակարգեր՝ ռիսկային հարկ վճարողների համար կազմելով «ստվերի անձնագրեր»
Ներդնել կատարվող գնումների դիմաց անկանխիկ եղանակով վճարումները խրախուսելու մեխանիզմ՝ անկանխիկ եղանակով գործարքների սպասարկման համար բանկերին վճարվող սպասարկման վճարներից որոշակի գումար գնում կատարող անձին վերադարձնելու եղանակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում