«Փաստ». Մարդկանց Երևանից տանում են մարզեր՝ գրանցելու

«Փաստ»-ի տեղեկություններով՝ նախընտրական այս օրերին ոչ միայն մարզերից են պոտենցիալ ընտրողներին բերում Երևան՝ գրանցելու համար՝ այլև Երևանի քաղաքացիներին են առաջարկում գրանցվել մարզերում՝ ընտրական պրոցեսին այնտեղ մասնակցելու համար։ Դրա դիմաց գումար են խոստանում։

Թերթին տեղեկություն է հասել, որ երևանցիներին նման առաջարկություն է եղել, օրինակ, Արագածոտնի մարզի Թալին քաղաքի նախընտրական շտաբերից մեկից։

ՀՀ ոստիկանության անձնագրային ու վիզային վարչության պետ Մնացական Բիչախչյանը հարցին ի պատասխան ասել է. «Իմ կարծիքով, ոչ մի արհեստական շարժ չկա։ Հաշվառումն այլ է, ընտրողների ցուցակում ընդգրկվելու պրոցեսն այլ է։ Իհարկե, եթե ինչ-որ մի կուսակցության շտաբից կփորձեն անձանց շահագրգռել իրենց օգտին քվեարկել, ընդհուպ նաև արհեստական տեղաշարժ կատարելու համար՝ դա շահագրգռելով ֆինանսապես, դա քրեորեն պատժելի արարք է և թող համապատասխան մարդիկ ենթարկվեն քրեական պատասխանատվության։ Իսկ ինչ վերաբերում է մեր գործառույթներին, մենք կատարում ենք շատ ավելին, քան մեզ վրա դրված է։ Դիտարկմանը, թե տպավորությունն այն է, որ իրենք շահագրգռված չեն բացահայտել նման դեպքեր, քանի որ հիմնականում իշխանական կուսակցությունն ու թեկնածուներին ձայն տալու համար են նման շարժեր լինում, Բիչախչյանը հայտարարել է. «Ինչի՞ց ենթադրեցիք։ Ձեր կարծիքը թյուր է։ Եթե անձը դիմում է ներկայացնում, որ ինքը ընտրության օրն այդ տարածքում է, մենք պարտավոր ենք դա ընդունել»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում