Ֆիյոնն Օլանդին մեղադրել է քաղաքական ընդդիմախոսներին հետապնդելու մեջ

Ֆրանսիայի նախագահի պաշտոնի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը նախագահ Ֆրանսուա Օլանդին մեղադրել է այն բանում, որ նա, չարաշահելով իր դիրքը, նպաստում է վարկաբեկիչ նյութերի արտահոսին՝ իր ընտրվելը կանխելու նպատակով: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Reuters-ը: 

Ֆիյոնը, մասնավորապես, նշել է, որ իշխանության վերահսկողության տակ գտնվող թերթերը փաստաթղթերն ստացել են Ազգային ժողովի իր առանձնասենյակում խուզարկության ժամանակ դրանց առգրավումից 48 ժամ հետո: «Ո՞վ է նրանց տրամադրում այդ փաստաթղթերը»,- հարց է տալիս նա:

Երբ Ֆիյոնին հարցրել են, թե, նրա կարծիքով՝ ով է դրա համար պատասխանատվություն կրում. այս կամ այն քաղաքական գործիչները թե արդարադատության համակարգը, թեկնածուն հայտարարել է. «Ես ավելի հեռու կգնամ, ես մեղադրում եմ հանրապետության նախագահին»:

Դրան ի պատասխան Ելիսեյան պալատը հայտարարել է, որ Օլանդն «ամենախիստ կերպով դատապարտում է Ֆիյոնի շինծու մեղադրանքները»: «Գործադիր իշխանությունը երբեք չի միջամտել որեւէ դատական ընթացակարգի եւ միշտ անվերապահորեն հավատարիմ է եղել դատական իշխանության անկախությանը»,- ասված է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում