Չեչնիայում Ռոսգվարդիայի վեց զինծառայող է զոհվել զինյալների գրոհի հետեւանքով

Չեչնիայում Ռոսգվարդիայի վեց զինծառայող է զոհվել մի խումբ զինյալների գրոհը դիմագրավելիս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 24-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել են Ազգային գվարդիայի մամուլի ծառայությունում: 

«Զինվորական ավանի տարածք ներթափանցելու փորձ կատարելիս ելուզակախումբը հայտնաբերվել է զինվորական կարգախմբի կողմից, որը մարտի մեջ է մտել նրա դեմ: Ոչնչացվել են վեց հարձակվողներ: Մարտական բախման ընթացքում զոհվել են վեց զինվածառայողներ, կան վիրավորներ»,- ասել են Ռոսգվարդիայում:

Ծառայության տվյալներով՝ լույս մարտի 24-ի գիշերը մի խումբ զինյալներ փորձել են ներխուժել Ազգային գվարդիայի զինվորական ավաններից մեկի տարածք:

«Հարձակման ժամանակ զինյալներն օգտվել են թանձր մառախուղից: Ռոսգվարդիայի անձնակազմի վճռական գործողությունների շնորհիվ ելուզակախումբը չի կարողացել ներթափանցել ավանի տարածք»,-ընդգծել են գերատեսչությունում:

Ներկայում բախման շրջանը շրջափակված է: Տեղի ունեցած բոլոր հանգամանքները պարզելու համար Չեչնիայի Հանրապետություն է մեկնել Ազգային գվարդիայի զորքերի կենտրոնական աշխատակազմի օպերատիվ խումբը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում