ԱՄՆ-ի վարչակազմը պատրաստվում է ավելի քան 1 մլրդ դոլարով կրճատել ՄԱԿ-ի ֆինանսավորումը. Foreign Policy

Միացյալ Նահանգների վարչակազմը մտադիր է 1 միլիարդ դոլարով կրճատել ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների բյուջեն եւ հարյուրավոր միլիոն դոլարներով պակասեցնել համաշխարհային կազմակերպության տարբեր ծրագրերի ֆինանսավորումը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Foreign Policy հանդեսը, որը վկայակոչել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի աղբյուրներ: 

Հրատարակության տեղեկատվությամբ՝ բացի ՄԱԿ-ի խաղաղապահ բյուջե ԱՄՆ-ի մասհանումների 40-տոկոսանոց կրճատումից, որոնք 2016 թվականին գերազանցել են 2 միլիարդ դոլարը, Սպիտակ տունը նաեւ Պետդեպարտամենտին իրազեկել է 326 միլիոն դոլար ընդհանուր գումարով ՄԱԿ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ), ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, տարբեր ծրագրերի ֆինանսավորումը դադարեցնելու մասին:

Ներկայում ԱՄՆ-ը վճարում է ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեի, որը կազմում է մոտավորապես 5,4 միլիարդ դոլար, ավելի քան 22 տոկոսը, ինչպես նաեւ խաղաղապահ գործողությունների ծախսերի 28,5 տոկոսը, որոնց արժեքը գնահատվում է 7,9 միլիարդ դոլար: Ընդհանուր առմամբ Վաշինգտոնը համաշխարհային կազմակերպության եւ դրա ծրագրերի վրա ծախսում է շուրջ 10 միլիարդ դոլար:

Այսօրվա դրությամբ ԱՄՆ-ը համաշխարհային կազմակերպության խոշորագույն դոնորն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում