Գագիկ Ծառուկյանը խոսել է ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հնարավորության մասին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակի առաջին համար Գագիկ Ծառուկյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում քաղաքացիների հետ հանդիպմանն անդրադարձել է ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հնարավորությանը: Իր խոսքում Գագիկ Ծառուկյանը նախ նշեց, որ Եղեգնաձորում իր հետ զրուցած լրագրողները խեղաթյուրել են իր խոսքերը` ասելով, թե Գագիկ Ծառուկյանը չի բացա ռում ընտրություններից հետո ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հավանականությունը: «Իրականում ինձ հարցրել են` եթե 50+1 տոկոս ձայն չհավաքեք, այլ քաղաքական ուժերի հետ կոալիցիա կկազմե՞ք, ես էլ պատասխանել եմ, որ բնականաբար ձայների անհրաժեշտ քանակ չհավաքելու դեպքում կկազմենք կոալիցիա, բայց թե ում հետ կկազմենք, ես եմ որոշելու: Եթե, օրինակ, հավաքել ենք 48 տոկոս ձայն ու մեզ մնում է ևս երեք տոկոս մեծամասնություն կազմելու համար, ապա կկազմենք կոալիցիա, բայց ես կորոշեմ, թե ում հետ կկազմենք»,- «նշեց Ծառուկյանը:

Նա հավելեց, որ Եղեգնաձորում լրագրողների հետ զրույցում ինքը չի ասել, թե իշխանությունների հետ կոալիցիա կկազմի: «Ես իշխանությունների անուն չեմ տվել, ես ընդամենը ասել եմ, որ կորոշենք թե ում հետ կազմել, եթե լինի դրա կարիքը: Բայց ես համոզված եմ, որ այս անգամ կոալիցիա կազմելու կարիք էլ չի լինի, մենք միայնակ կվերցնենք անհրաժեշտ ձայները ու միասին առաջ կգնանք: Այսօր շատ քաղաքական ուժեր ընկել են համապատասխան տոկոսներ հավաքելու հետևից, որպեսզի խորհրդարան մտնեն, իսկ մենք խորհրդարան մտնելու կարիք չունենք: Ես մեր ժողովրդին պարտք ունեմ, իսկ այդ պարտ քը ժողովրդի համար պայմաններ ու հնարավորություններ ստեղծելն է»,- եզրափակեց Ծառուկյանը` հավաքվածներին կոչ անելով գնալ ընտրության և քվեարկել նրա օգտին, ում հավատում են:

Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունները կկայանան ապրիլի 2-ին: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մարտի 5-ից և կշարունակվի մինչև մարտի 31-ը: Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 9 քաղաքական ուժ, որից 5-ը կուսակցություններ են, 4-ը դաշինք: Ազգային ժողովի ընտրություններին կմասնակցեն Հայաստանի Հանրապետական, «Հայկական վերածնունդ», Հայաստանի Կոմունիստական, Հայ Յեղափոխական Դաշնակցություն, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները, ինչպես նաև «Ծառուկյան», «Ելք», Կոնգրես-ՀԺԿ և «Ելք» դաշինքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում