Լևոն-Տեր Պետրոսյանի հռետորաբանությունը փոխվել է, ցավում եմ, որ կտրուկ շրջադարձ է տեղի ունեցել. Արարատ Զուրաբյան (տեսանյութ)

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով վերջերս հնչեցրած կոչը նախընտրական քարոզչությանն ուղղված քայլ է:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արարատ Զուրաբյանը՝ անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցին, գրում է Թերթ.am-ը:

«Ես գտնում եմ, որ չկա Հայաստանում մարդ, ով չի ցանկանում խաղաղություն, բայց էլի եմ ասում, խաղաղության լավագույն երաշխավորը ուժեղ Հայաստան ունենալն է, միշտ պատրաստ լինելն է պատերազմին: Մի բան ակնհայտ է, որ բանակցային պրոցեսից դուրս է մնացել ԼՂՀ-ն, ԼՂՀ-ն պետք է լինի բանակցային սեղանի շուրջ»,-ասաց Զուրաբյանը:

Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Ղարաբաղի խնդրի լուծման վերաբերյալ կետերին, Զուրաբյանն ասաց, որ առավել ճիշտ կլինի, եթե այդ կետերը մեկնաբանեն «Հայ ազգային կոնգրեսի» ներկայացուցիչները:

«Ինչևէ, հռետորաբանությունը փոխվել է, ցավում եմ, որ կտրուկ շրջադարձ է տեղի ունեցել, ես գտնում եմ, որ այս հարցը բավականաչափ դեռ ժամանակ է տանելու, թե երբ կլինի լուծումը, կարելի է ասել՝ չի երևում: Մի ակնհայտ է, որ հասարակությունները պետք է պատրաստ լինեն խաղաղությանը, սակայն Ադրբեջանում դրան պատրաստ չեն, հակառակը՝ հնչում են ռազմատենչ հարաբերություններ»,-ասաց նա։

Արարատ Զուրաբյանի խոսքով՝ Ադրբեջանը հակված չէ խաղաղության, իսկ եթե հակառակորդը չի ընդունում փոխզիջումների տարբերակը, ապա այդ մասին Հայաստանում հայտարարել պետք չէ. «Դա թուլացնում է հայկական կողմի դիրքերը, որովհետև Ադրբեջանում գիտակցում են, որ Հայաստանում կան ուժեր, որոնք պատրաստ են փոխզիջումների գնալուն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում