Եվրահանձնաժողովի ղեկավարը Բրիտանիայի համար Brexit-ի արժեքը գնահատել Է 62 մլրդ դոլար

Եվրահանձնաժողովը Լոնդոնին կներկայացնի շուրջ 50 միլիարդ ֆունտ ստեռլինգի (62 միլիարդ դոլարի) հաշիվ, եւ Մեծ Բրիտանիան կկարողանա Եվրամիությունից վերջնականապես հեռանալ սոսկ դրա վճարումից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը:

«Մենք մանրամասն հաշվարկել ենք Մեծ Բրիտանիայի բոլոր վճարները եւ կգանք հանրագումարային թվի»,– մեջբերում է նրա խոսքը BBC-ն: Հարցին՝ գումարը մոտ կլինի արդյոք 50 միլիարդ ֆունտին, նա դրական պատասխան է տվել:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մտադիր է Brexit-ի շուրջը բանակցությունները պաշտոնապես սկսել մարտի 29-ին, եւ այն գումարի հարցը, որը բրիտանացիները պետք է վճարեն իրենց հանձնառությունների հատուցման համար, բանակցություններում կլինի հանգուցայիններից մեկը: Գումարը ներառում է այնպիսի հանձնառություններ, ինչպիսիք են կենսաթոշակների վճարումը ԵՄ-ի պաշտոնյաներին, ենթակառուցվածքային օբյեկտների ֆինանսավորումը եւ այլ պարտավորություններ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում