Հայ-իրանական համագործակցության բոլոր ոլորտներում նկատվում են դրական ազդակներ

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը մարտի 24-ին հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էբրահիմ Ռահիմփուրին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: Քննարկվել են հայ-իրանական և տարածաշրջանային համագործակցության հարցերի լայն շրջանակ՝ էներգետիկայի, զբոսաշրջության, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում։ Այս մասին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Օգտվելով առիթից՝ Աշոտ Մանուկյանը հյուրերին շնորհավորել է Նովրուզի կապակցությամբ՝ նշելով, որ այդ առիթով Իրանից ժամանել են բազմաթիվ զբոսաշրջիկներ՝ տոնական օրերը Հայաստանում անցկացնելու նպատակով։ Իրանցի զբոսաշրջիկների համար Հայաստանը մշտապես փորձում է ստեղծել ավելի լավ պայմաններ և առաջարկել նոր ծառայություններ։

Առանձնացնելով հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակը՝ Էբրահիմ Ռահիմփուրը ընդգծել է, որ Հայաստանն այն միակ երկիրն է, ուր անցած տարի այցելել են Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին և փոխնախագահ Էսհաղ Ջհանգիրին։ Անդրադառնալով տնտեսական համագործակցությանը՝ նշվել է, որ վերջին շրջանում նկատվում են դրական ազդակներ փոխգործակցության հնարավոր բոլոր ոլորտներում և առաջիկայում պետք է սպասել արդյունքներին։ Ակնկալվում է, որ դրանք կլինեն արդեն այս տարվա ընթացքում։

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են էներգետիկ ոլորտում ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ էլեկտրագծի կառուցման ընթացքին։ Նշվել է, որ աշխատանքներն ակտիվորեն իրականացվում են։

Հանդիպումն անցել է ջերմ և բարեկամական մթնոլորտում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում