Տնտեսական խնդիրները` քաղաքական ուժերի ծրագրերի առանցքում. կլոր սեղան-քննարկում

Այսօր «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում` «ՀՀ ԱԺ ընտրությունների տնտեսական խոստումները» թեմայով, որին մասնակցում էին ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչներ` բացառությամբ «ՀՅԴ» կուսակցության և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան», «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքների, ինչպես նաև տնտեսագետ-վերլուծաբաններ ու փորձագետներ:

Քննարկման առաջին մասում քաղաքական կուսակցությունների և դաշինքների ներկայացուցիչներն անդրադարձան իրենց ծրագրերի երեք առանցքային տնտեսական կողմերին:

Այդ համատեքստում «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Վարդան Բոստանջյանն առանձնացրեց` պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը, բնակչության բևեռացվածութան թուլացումը` նոր աշխատատեղերի ստեղծման ճանապարհով և տնտեսական գործունեության խթանումը: Բոստանջյանի խոսքով` բյուջետային ծախսերի մեկ երրորդն ուղղվում է կառավարման համակարգին, ինչն անթույալտրելի է ՀՀ պարագայում: 2018թ. իերնց նախատեսած 6 տոկոս տնտեսական աճը հնարավոր են համարում ապահովել մասնավորապես հանքարդունաբերության զարգացման շնորհիվ:

Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Գագիկ Մինասյանը համաձայնեց Բոստանջյանի նկատառման հետ` հնարավորինս պետք է օպտիմալացնել պետական ծախսերը. կառավարման բոլոր մարմինները պետք է ունենան կատարողական հիմնական ցուցանիշներ:

Տնտեսության զարգացման կարևոր աղբյուր համարվող արտասահմանյան խոշոր ներդրումների պակասը, ըստ Մինասյանի, պայմանավորված է երկրի` պատերազմական իրավիճակում գտնվելու հանգամանքով, ինչը արտասահմանցի գործարարի մոտ վախ է առաջացնում: Տնտեսական աճ արձանագրելու համար քաղաքական ուժն առաջարկում է այլ տարբերակներ` տրանսպորտային սահմանափակվածության խնդրի լուծում և համագործակցության ընդլայնում Իրանի և Վրաստանի հետ:

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունն էլ ՀՀ տնտեսության զարգացումը հնարավոր է համարում, նախ և առաջ, ՀՀ արդյունաբերական պոտենցիալը վերականգնելու դեպքում: ՀԿԿ-ի ներկայացուցիչ Նաիրա Մարտիրոսյանը վստահ է` ՀՀ-ն ներմուծող երկրից պետք է դառնա արտահանող երկիր: Բանախոսը արտաքին շուկան տեսնում է, առաջին հերթին, ի դեմս Ռուսաստանի, Իրանի և Վրաստանի: Այլ ուժերի` եվրոպամետ դիրքորոշմանը չհարելու պատճառը, ըստ Մարտիրոսյանի, նախ`եվրոպական շուկայի հագեցվածությունն ու այնտեղ հայկական ապրանքների մրցունակության կասկածն է: Մյուս խոչընդոտը, ըստ նրա, հեռավորության ու ճանապարհների խնդիրն է, ինչը շատ ավելի հեշտ է Ռուսաստանի և մեր անմիջական հարևանի` Իրանի պարագայում: ՀԿԿ-ի`խորհրդարան անցնելու դեպքում, առաջին քայլերից մեկը, տիկին Մարտիրոսյանի խոսքով, արդյունաբերության և առևտրրի նախարարության ստեղծումը կլինի:

Ի տարբերություն ՀԿԿ-ի` Հայկական վերածնունդը, ՀՀ տնտեսության զարգացումը տեսնում է միայն եվրոպական կողմնորոշման դեպքում: Քաղաքական ուժի ներկայացուցիչ Վիլեն Խաչատրյանը տեղական արտադրանքի ծավալների մեծացմանն այլընտրանք չի տեսնում: Ըստ նրա` Հայաստանի կախվածությունը ցանկացած արտաքին ուժից, պետք է հասցվի նվազագույնի և կարևոր տնտեսական ու քաղաքական խնդիրները պետք է լուծվեն Հայաստան-Արցախ-Սփյուռք ձևաչափով:

Հայկական վերածնունդ կուսակցության նորամուծությունը` խորհրդարան անցնելու դեպքում, կլինի շքեղության հարկի ներմուծումը, որը, Խաչատրյանիի խոսքով, ենթադրում է ավելի շատ հարկ` հարուստներից, ավելի քիչ` աղքատներից, ինչը կթուլացնի հասարակության բևեռացումը:

Հայաստանի տնտեսության զարգացումը ԵՄ հարաբերությունների խորացման պայմաններում է տեսնում նաև Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը: Ուժը ներկայացնող Աշոտ Եղիազարյանը վստահ է, որ Հայաստանը պետք է դուրս գա ԵՏՄ-ից և հարաբերությունները խորացնի ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ: Նրա խորին համոզմամբ` ՀՀ-ն պետք է մտնի եվրոպական էներգետիկ շուկա: Երկրի տնտեսական վիճակը դեպի դրականը փոխելու համար նրանք առաջարկում են տնտեսական ու ֆինանսական ապակենտրոնացում:

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վրա կենտրոնացավ, թերևս, միայն «ԵԼՔ» դաշինքի ներկայացուցիչը: Գևորգ Գորգիսյանի վստահեցմամբ` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեր ձեռբքերումները պետք է լայնորեն օգտագործվեն տնտեսության տարբեր ճյուղերում: Քաղաքական ուժի ծրագրի երեք կարևոր կետերից մեկը, ըստ նրա, հենց բարձր տեխնոլոգիաների ոլորտում ունեցած ձեռբերումների կիրառումն է: Երկրորդ կարևորագույն կետը կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարն է, իսկ երրորդը, որն այլ ուժեր ևս կարևորել էին` Հայաստանը հումք արտահանող երկրից ապրանք արտահանող երկրի վերածելն է:

 Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում