Բուլղարիան արգելել է թուրք լրագրողներին լուսաբանել խորհրդարանական ընտրությունները

Բուլղարիայի իշխանություններն արգելել են թուրք լրագրողների մուտքը երկիր` լուսաբանելու մարտի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Բուլղարիայի իշխանությունները հայտարարել են, որ նման որոշում են կայացրել «անվտանգության նկատառումներից ելնելով»:

Ավելի վաղ, Բուլղարիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ առաջատար երկու կուսակցությունների ղեկավարները հորդորել էին Թուրքիային դադարեցնել միջամտությունն ընտրական գործընթացին: Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Կորնեիլա Նինովան անընդունելի էր համարել Թուրքիայի ղեկավարների կողմից հնչեցված կոչերն այս կամ այն կուսակցության օգտին քվեարկելու վերաբերյալ:

Աջակողմյա ԳԵՐԲ կուսակցության («Բուլղարիայի եվրոպական զարգացման քաղաքացիներ») առաջնորդ, վարչապետ Բոյկո Բորիսովը ևս իր անհանգստությունն էր հայտնել թուրքական միջամտությունների առնչությամբ: «Նման միջամտությունն անընդունելի է»,– հայտարարել էր նա:

Այդ կապակցությամբ Բուլղարիայի ԱԳՆ էր կանչվել Սոֆիայում Թուրքիայի դեսպանը, իսկ Անկարայում Բուլղարիայի դեսպանը կանչվել էր երկիր խորհրդակցությունների նպատակով:

Հայտնի է դարձել նաև, որ բուլղարացի կամավորները թուրք-բուլղարական սահմանին պատ են կառուցում` ցանկանալով կանխել մինչև ընտրությունները անօրինական ճանապարհով Թուրքիայից Բուլղարիա անցնել ցանկացողների մուտքը:

Մարտի 26-ին Բուլղարիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին առաջին անգամ մասնակցելու է ԴՈՍՏ կուսակցությունը, որը ներկայացնում է այդ երկրում բնակվող 700 հազար թուրքերին: Թուրքիայի ղեկավարները կոչ էին արել ձայներ տալ հենց այս կուսակցությանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում