Արարատ Զուրաբյանը ողջունելի է համարում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև համագործակցության համաձայնագրի նախաստորագրումը

«Հայոց Համազգային շարժում» կուսակցության նախագահ, «Ծառուկյան» դաշինքի կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Արարատ Զուրաբյանը ողջունում է Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության շրջանակային համաձայնագրի նախաստորագրումը:

Մարտի 24-ին «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կազմակերպած «Հայաստանի Հանրապետությունը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև» խորագրով քննարկման ժամանակ Արարատ Զուրաբյանն ընդգծեց, որ շատ ողջունելի է, որ Եվրոպական Միության մոտեցումներում գոնե վերջին տարիներին որոշակի փոփոխություններ են նկատվում:

«Ես գոնե դա այդպես եմ գնահատում, որովհետև մինչև Ասոցացման համաձայնագրի ստորագրումը հարցը դրված էր այսպես` կամ-կամ: Հայկական կողմն էլ մշտապես նշում էր, որ և-և-ի կողմնակից է, որովհետև, հավանաբար, զգում էր հնարավոր վտանգները: Ես կարծում եմ, որ այն, որ նախաստորագրվել է այդ համաձայնագիրը, դրանով Հայաստանին հնարավորություն է տրված Եվրոպական Միության հետ խորացնել և զարգացնել հարաբերությունները»,- նշեց Զուրաբյանը:

Անդրադառնալով հնչող մտահոգություններին, թե ԵՄ-ի հետ նոր համագործակցության համաձայնագրում բացակայում է տնտեսական բաղադրիչը` Արարատ Զուրաբյանը վստահություն հայտնեց, որ այն պահին, երբ Հայաստանի «Երազ» գործարանը «Մերսեդես Բենց» մակնիշի մեքենա կարտադրի, դա առանց որևէ խոչընդոտի կհայտնվի եվրոպական շուկայում: «Այսինքն, շատ բան կախված է մեր տնտեսության զարգացումից»,- նշեց Զուրաբյանը:

Նա համոզվածություն հայտնեց, որ որոշ ժամանակ անց Եվրոպական Միությունը և Եվրասիական տնտեսական միությունը կգտնեն միմյանց միջև առկա հակասությունները հարթելու բանալին: Նրա խոսքով` հակառակ պարագայում Ռուսաստանը լուրջ կորուստներ կունենա և շատ վայրերում ազդեցությունը կկորցնի:

Արարատ Զուրաբյանը նաև հավելեց, որ «Ծառուկյան» դաշինքը կողմնակից է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ համագործակցությունը խորացնելուն և զարգացնելուն: «Դաշինքը գտնում է, որ Հայաստանը պետք է առավելագույնս օգտագործի Եվրասիական տնտեսական միության ընձեռած հնարավորությունները, ինչը կնպաստի երկրի տնտեսության առաջընթացին»,- եզրափակեց Զուրաբյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում