Կառավարությունն ունի տնտեսության բոլոր ոլորտներում բարեփոխումների հստակ տեսլական. Կարեն Կարապետյան

Հայաստանի Հանրապետության կառավարությունը տնտեսության բոլոր ոլորտներում ֆունդամենտալ բարեփոխումներ է սկսել: Դավիթաշեն վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի շրջանակներում քաղաքացիների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Յուրաքանչյուր ոլորտի համար մենք ունենք ենք մեր տեսլականը, թե ինչպես պետք է անենք բարեփոխումները: Ստեղծել ենք մի քանի հիմնադրամներ և կարծում ենք, որ առաջիկայում էլ դուք ականատես կլինեք մի շատ հետաքրքիր հիմնադրամի, որը կոչվելու է Հայաստանի ներդրողների ակումբ. այն ստեղծելու են մեր հայրենակիցները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Կարապետյանը:

Վարչապետն ընդգծեց, որ այս պահին կառավարության օրակարգում խոսակցություն կա 4 հիմնադրամի մասին: «Առաջինը Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամն է, երկրորդը այն հիմնադրամն է, որը մենք 10-15 օր առաջ ստեղծել ենք տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության դուստր ընկերություններից մեկի հիման վրա Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի հետ միասին, երրորդը` բառացիորեն օրեր առաջ ֆիքսել ենք, որ «Անդեր» կապիտալը հիմնադրամ է ստեղծում, իսկ չորրորդ հիմնադրամը կձևավորվի վաղը, որի մասին ես արդեն խոսեցի»,– ընդգծեց վարչա պետը:

Նա հավելեց, որ մոտ օրերս կառավարության նիստում կքննարկվեն ազատ տնտեսական գոտու մասին փաստաթղթերը, ինչը նշանակում է, որ սեպտեմբեր-հոկտեմբերին Իրանի հետ սահմանին կձևավորվի ազատ տնտեսական գոտին: «Ես ցանկանում եմ, որ դուք համոզված լինեք, որ մեր թիմը ռեալ գիտի, թե ինչպես կարելի է երկիրը փոխել, մեր թիմը ռեալ համոզված է, որ դա հնարավոր է անել: Այդ իսկ պատճառով կխնդրեմ ծանոթանալ մեր ծրագրի հետ և համեմատել մյուս քաղաքական ուժերի ծրագրի հետ: Մյուս ծրագրերում ես այդ փոփոխությունների գնալու պատկերացումը չեմ տեսել: Ես կարծում եմ, որ մեր ծրագիրը համեմատության մեջ ավելի իրատեսական է»,– եզրափակեց վարչապետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում