Վարչապետը պետական կառավարման համակարգի արդյունավետ աշխատանքի համար կարևորում է բարձր վարձատրությունը

Հայաստանում պետական կառավարման համակարգը չի կարող երկար ժամանակ արդյունավետ աշխատել մասնագետների ցածր վարձատրության պայմաններում: Երևանի Դավթաշեն վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Ես արդեն ասել եմ, որ մենք ունենք հստակ տեսլական, թե որ ոլորտում ինչ փոփոխություններ ենք անելու: Եվ ես կարող եմ ասել, որ ամենաբարդ փոփոխությունները հենց պետական կառավարման համակարգում են: Պետական համակարգում այսօրվա վարձատրության չափը մեզ հնարավորություն չի տալիս լավագույն մասնագետներին հրավիրել: Այսօր ես իմ թիմը համալրել եմ երիտասարդ, բանիմաց ու կրթված մարդկանցով, որոնց բերել ենք մասնավոր հատվածից: Նրանք աշխատավարձի տեսանկյունից տուժել են, սակայն կարող են իրենց բավարարված զգալ այն առումով, որ մասնակցություն են ունենում երկրում մեկնարկած բարեփոխումներին: Սակայն սա երկար շարունակվել չի կարող»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Կարեն Կարապետյանը` ընդգծելով, որ պետական կառավարման համակարգում աշխատավարձերը պետք է բարձրացվեն:

Վարչապետը պետական կառավարման համակարգը համեմատեց բիզնես ոլորտի հետ: Նա նշեց, որ ցանկացած բիզնես կառույցի մեջ հարկավոր է բալանսավորել կառավարիչների իրավունքներն ու պարտականությունները և համապատասխան ձևով մոտիվացնել, ինչը հանգեցնում է արդյունավետ աշխատանքի և բիզնես ծրագրի զարգացման: «Նույնն էլ կարելի է ասել պետական կառավարման համակարգի մասին: Մենք հասկանում ենք, որ սա կարևոր է, և, միգուցե, հենց այստեղից էլ պետք է սկսենք, սակայն այսօր բազմաթիվ չլուծված խնդիրներ կան: Եթե մենք դրանից սկսեինք, մեզ չէին հասկանա, կասեին եկե լ են ու միանգամից իրենց աշխատավարձերն են բարձրացնում»,- ասաց Կարապետյանը:

Նա հստակեցրեց, որ պետական կառավարման համակարգի աշխատավարձերի բարձրացումը լինելու է կառավարության նախանշած բարեփոխումներից վերջինը: Վարչապետի խոսքով` դա լինելու է պետական բյուջեի միջոցները տնտեսության զարգացման հաշվին ավելացնելու արդյունք, որով հանրությանը ցույց կտան, որ իրավունք ունեն գնալ պետական համակարգի աշխատավարձերը բարձրացնելու ճանապարհով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում