Եվրոպական ներդրումային բանկը հետաքրքրված է Հայաստանի էներգետիկ ոլորտում ներդրումների իրականացմամբ

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը մարտի 24-ին հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը՝ բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակի գլխավորությամբ։ Քննարկվել են Հայաստանի էներգետիկ ոլորտներում իրականացվող ներդրումային ծրագրերում բանկի ներգրավվածության ընդլայնման հնարավորությունները։

Ինչպես տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, խոսելով հետագա համագործակցության հեռանկարների մասին՝ Վազիլ Հուդակին հայտնել է Եվրոպական ներդրումային բանկի մտադրությունները Հայաստանի էներգետիկ համակարգում ներդրումներ իրականացնելու վերաբերյալ։ Բանկը հետաքրքրված է ինչպես էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի, այնպես էլ այլ ուղղություններով նախատեսվող ծրագրերով։ Վազիլ Հուդակին պատրաստակամություն է հայտնել համագործակցել տարբեր մակարդակներում, այդ թվում՝ պետական-մասնավոր հատվածում։

Հյուրերի խնդրանքով Աշոտ Մանուկյանը ներկայացրել է էներգետիկ ոլորտի այն կոնկրետ ծրագրերը, որոնց իրականացման շրջանակներում Հայաստանը կցանկանար համագործակցել բանկի հետ։ Դրանք վերաբերել են ինչպես նոր արտադրող հզորությունների ստեղծմանը, այնպես էլ առկա պոտենցյալի արդիականացմանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում