Գերմանիայի ԱԳՆ-ն պահանջել է Թուրքիայի վարչապետից պահել խոստումը

Գերմանիայի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին շարունակում են արգելել հանդիպել Թուրքիայում կալանքի տակ գտնվող գերմանական Die Welt պարբերականի լրագրող Դենիզ Յուջելի հետ: Ինչպես հաղորդում է գերմանական Deutsche Welle-ը, Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտնել է, որ չնայած Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել էր, որ գերմանական հյուպատոսարանի աշխատակիցները կարող են տեսնել լրագրողին, սակայն այդ թույլտվությունը մինչ օրս չկա:

«Ցավոք, բացարձակապես անհասկանալի կերպով հնարավոր չի եղել հանդիպել նրա հետ: Ակնկալում ենք, որ վարչապետ Բինալի Յըլդըրըմը պահի Անգելա Մերկելին տրված խոստումը»,– ասել է խոսնակը:

Ավելի վաղ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Բունդեսթագում ելույթի ժամանակ պահանջել էր Թուրքիայից ազատ արձակել Դենիզ Յուջելին:

Խնդրի առնչությամբ խոսել էր նաև Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը` ասելով. «Արդեն չենք կարողանալու վստահել թուրք վարչապետի խոսքերին, այս ամենը հիասթափություն է առաջացրել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում