Շվեյցարիայում Էրդողանի դեմ պարզված պաստառի գործով հետաքննություն է սկսվել

Շվեյցարիայի Բեռն քաղաքի դատախազությունը հետաքննություն է սկսել` կապված Էրդողանի դեմ կազմակերպված ցույցի ժամանակ բացված պաստառի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Շվեյցարիայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու թուրքական կառավարության քաղաքականությունը դատապարտող բողոքի ակցիա է կազմակերպվել: Բողոքի ակցիայի` մի քանի հազարի հասնող մասնակիցները Բեռնում կոչ են արել երկրում պահպանել ազատություններն ու ժողովրդավարությունը: Ցուցարարները նաև մեծ սև պաստառ են պատրաստել, որի վրա պատկերված է եղել Թուրքիայի նախագահը, ում գլխի մոտ նկարված է եղել ատրճանակ: Պաստառի վրա եղել է հետևյալ գրությունը. «Սպանեք Էրդողանին նրա սեփական զենքերով»:

Ցույցի ժամանակ բարձրացվել են Քրդական բանվորական կուսակցության (PKK) խորհրդանիշները:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել դեպքի առնչությամբ: Շվեյցարիայի դեսպանության գործերի հավատարմատարը կանչվել էր Թուրքիայի ԱԳՆ: ԱԳՆ-ում ցույցը որակել են որպես բռնությունն ու ահաբեկչությունը խրախուսող գործողություն: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ հետևում են Շվեյցարիայի դաշնային կառավարության կողմից այս ցույցի առնչությամբ ձեռնարկելիք իրավական ու վարչական քայլերին:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ խնդրի առնչությամբ արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել շվեյցարացի գործընկերոջ հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում