Շվեյցարիայի դեսպանության գործերի հավատարմատարը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել` կապված Շվեյցարիայի Բեռն քաղաքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությունը քննադատող բողոքի ակցիայի կազմակերպման հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական կայքը, կատարվածի առնչությամբ արտգործնախարարություն է կանչվել Թուրքիայում Շվեյցարիայի դեսպանության գործերի հավատարմատարը:

ԱԳՆ-ում ցույցը որակել են որպես բռնությունն ու ահաբեկչությունը խրախուսող գործողություն: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ հետևում են Շվեյցարիայի դաշնային կառավարության կողմից այս ցույցի առնչությամբ ձեռնարկելիք իրավական ու վարչական քայլերին:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ խնդրի առնչությամբ արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել շվեյցարացի գործընկերոջ հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում