Արցախի Հանրապետության տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվարին ավելացել է 15.5 տոկոսով

Արցախի Հանրապետության տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ ավելացել է 15.5 տոկոսով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տվյալները, հունվարին նախորդ ամսվա նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 42.9 տոկոսով:

2016 թվականի հունվար-դեկտեմբերին ԱՀ ՀՆԱ-ն շուկայական գներով կազմել է 229 մլրդ 651.6 մլն դրամ: Այն նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 9.2 տոկոսով:

ՀՆԱ-ում արդյունաբերական արտադրանքի ծավալը 2016 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել է 58 մլրդ 999.5 մլն դրամ, այն 2015 թվականի հունվար-դեկտեմբերի նկատմամբ աճել է 9.7 տոկոսով: Առևտրի շրջանառության ծավալը կազմել է 99 մլրդ 559 մլն դրամ` նվազելով 12.6 տոկոսով: Ծառայությունների ծավալն ավելացել է 3.7 տոկոսով` կազմելով 53 մլրդ 946.8 մլն դրամ:

Գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 68 մլրդ 467.6 մլն դրամ` աճելով 7.4 տոկոսով: Շինարարության ծավալը նվազել է 9 տոկոսով և կազմել 45 մլրդ 655.8 մլն դրամ: Արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 337 մլն 965.5 հազար ԱՄՆ դոլար, որը 2015-ի հունվար-դեկտեմբերի համեմատ ավելացել է 7.4 տոկոսով: Ընդ որում, արտահանումն ավելացել է 30.6 տոկոսով` կազմելով 81 մլն 106.3 հազար դոլար: Իսկ Արցախի Հանրապետություն է ներմուծվել 256 մլն 859.2 հազար ԱՄՆ դոլարի ապրանք, որը 2015 թվականի հունվար-դեկտեմբերի համեմատ ավելացել է 1.1 տոկոսով:

Միջին ամսական անվանական աշխատավարձն Արցախում կազմել է 152 հազար 707 դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 1.1 տոկոսով:

Իսկ սպառողական գների ինդեքսը 2016 թվականի հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 1.5 տոկոսով:

Արցախի Հանրապետության բնակչության դրամական եկամուտները 2016-ի հունվար-դեկտեմբերին կազմել են 161 մլրդ 631 մլն դրամ` աճելով 3.6 տոկոսով: Բնակչության դրամական ծախսերը կազմել են 155 մլրդ 649.4 մլն դրամ` ավելանալով 3.3 տոկոսով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում