ԱՊՀ դիտորդական առաքելությունը միջանկյալ հաշվետվություն է հրապարակել ՀՀ-ում ընտրությունների վերաբերյալ

Անկախ պետությունների համագործակցության դիտորդական առաքելությունը միջանկյալ հաշվետվություն է հրապարակել Հայաստանում ապրիլի 2-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:

Հաշվետվության մեջ նշվում է, որ ԱՊՀ դիտորդական առաքելությունը Հայաստանում կայանալիք ընտրությունները դիտարկելու հրավեր է ստացել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանից: Դիտորդական պատվիրակությունը բաղկացած է 172 մարդուց: ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակության մեջ ներառված են ներկայացուցիչներ Բելառուսից, Ղազախստանից, Ռուսաստանից, Մոլդովայից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից: Առաքելության աշխատանքները կոորդինացնում է շտաբը, որը ձևավորվել է մայրաքաղաք Երևանում: Դիտորդներից 20-ը երկարաժամկետ են:

ԱՊՀ դիտորդական առաքելությունը նախընտրական քարոզարշավի մոնիթորինգը սկսել է մարտի 14-ից` Հայաստանի Հանրապետության օրենսդրության սահմաններում իրականացնելով իր գործառույթները: Առաքելությունը գործում է Հայաստանի ներքին կյանքին չմիջամտելու սկզբունքով` հիմնվելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա:

Դիտորդական առաքելության ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավի ընթացքը քննարկել են ՀՀ ԱԺ, ԱԳՆ, ԿԸՀ, գլխավոր դատախազության, ոստիկանության, արդարադատության նախարարության, ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ներկայացուցիչների հետ: Դիտորդները հանդիպումներ են ունեցել նաև Հայաստանի Հանրապետական, «Ազատ դեմոկրատներ», «Հայկական վերածնունդ», կուսակցությունների, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» և «Ելք» դաշինքների գլխավոր շտաբերի ղեկավարների, ինչպես նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ներ կայացուցիչների հետ:

Առաքելության շտաբն իր գործունեության վերաբերյալ պարբերաբար տեղեկություններ է տրամադրում զանգվածային լրատվության միջոցներին: Դիտորդական առաքելության պատվիրակությունը շեշտում է, որ ԱՊՀ դիտորդների համար ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները` ընտրությունների նախապատրաստական աշխատանքները և դրանց անցկացումը մոնիթորինգի ենթարկելու համար:

Առաքելությունն արձանագրում է, որ ընտրական գործընթացին մասնակից կուսակցությունների և դաշինքների համար օրենսդրության համաձայն տրված են նախընտրական քարոզարշավ իրականացնելու տարբեր հնարավորություններ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է կուսակցություններին և դաշինքներին անվճար եթերաժամ տրամադրելու կարգը. կուսակցությունները և դաշինքները ստացել են ոչ ավելի, քան 60 րոպե անվճար եթերաժամ հեռուստատեսությամբ, ոչ ավելի, քան 120 րոպե` ռադիոյով: Միևնույն ժամանակ ընտրական գործընթացին մասնակից քաղաքական ուժերը կարող են օգտվել վճարովի եթերաժամերից:

Դիտորդական առաքելության շտաբը դիմել է ՀՀ ԿԸՀ, գլխավոր դատախազություն, վարչական դատարան, ոստիկանություն` խնդրելով հնարավորություն տալ ծանոթանալ ընտրական գործընթացի խախտումներից վերաբերյալ քաղաքացիներից ստացվող դիմումներին և բողոքներին:

Առաքելությունը շարունակում է հետևել նախընտրական քարոզարշավի ընթացքին և վերջնական գնահատականները կհնչեցնի ընտրությունների մոնիթորինգի վերաբերյալ ամփոփիչ փաստաթղթում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում