Փորձված ուժն ընդդեմ քաղաքական նոր միավորման. բանավիճում են ՀՀԿ-ի և «Ելք»-ի թեկնածուները

Հայաստանում ընտրապայքարում ներգրավված ուժերն իրենց հաղթանակի համար ելակետային են համարում տարբեր մոտեցումներ. իշխող Հանրապետականը շեշտը դնում է փորձառության, իսկ երիտասարդ քաղաքական ուժը՝ «Ելք» դաշինքը՝ սերնդափոխության:

Մարտի 27-ին կայացած մամուլի ասուլիսում «Ելք» դաշինքի կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Հայկ Կոնջորյանը նկատեց, որ քաղաքացիները ընտրություն կատարելիս պետք է ելակետ ընդունեն այն պայմանները, որոնցում այսօր ապրում են՝ պատկերավոր ներկայացնելով, որ մարդիկ պետք է ընտրություն կատարեն արդեն փորձված թանի և անփորձ մածունի միջեւ: Ըստ նրա` այս ասացվածքը այսօրվա Հայաստանի համար սպառել է իրեն, որովհետեւ թանն արդեն թթվել է Հայաստանի ստամոքսում: «Հայաստանում այն ուժը, որը կարող է փոփոխություն բերել թե թիմով, թե իր ներկայացրած ծրագրերով և թե սերնդափոխության իր առաջարկով, «Ելք»-ն է և ունի մեծ պոտենցիալ: Կարծում եմ՝ մեծ են մեր շանսերը այս իմաստով: Մենք գնում ենք Հայաստանում հիմնարար փոփոխություններ կատարելու ճանապարհով»,- նշեց Հայկ Կոնջորյանը:

Սրան հակառակ ՀՀԿ պատգամավորության թեկնածու Սուքիաս Ավետիսյանը նշում է, որ իրենց նախընտրական ծրագիրը կենսունակ է եւ ընտրողների մոտ մեծ գոհունակությամբ է ընդունվում: Սակայն, ըստ նրա, հետագայի մասին խոսելը դեռ վաղ է. ամեն ինչ ցույց կտան ընտրության արդյունքները: «Բացի ընդհանուր դրույթների մասին խոսելուց, մեր թիմը փորձում է լինել համայնքներում եւ ծանոթանալ տեղի խնդիրներին եւս: Օրինակ` ես արդեն եղել եմ Շիրակի 76 համայնքներում եւ խոսել բնակիչների հետ մեր ծրագրերի եւ իրենց խնդիրների մասին` փորձելով հասկանալ` ինչպես կարելի է թեթեւացնել նրա նց հոգսերը»,- ասաց Սուքիաս Ավետիսյանը:

Նշվեց, որ քաղաքական մի քանի ուժ հայտարարել է կոալիցիա կազմելուց հրաժարվելու մասին. Սուքիաս Ավետիսյանը այս հայտարարությունները զավեշտալի է համարում` հայտարարելով, որ իրենք պատրաստ են կոալիցիա կազմել բոլորի հետ:

«Ես հարց եմ տալիս` այդ պարագայում ինչպես պետք է լինի Ազգային ժողովի հետագա աշխատանքը: Եթե բոլոր ինը քաղաքական ուժերը հայտարարեն, որ մյուսների հետ չեն համագործակցելու, ապա ինչպես է ձեւավորվելու մեծամասնություն կամ իշխանություն. այս հարցը ոչ ոք ինքն իրեն չի տալիս: Ես շնորհակալ եմ, որ բոլորը թողնում են Հանրապետական կուսակցությանը կազմել մեծամասնություն»,-ասաց նա:
Հայկ Կոնջորյանը, սակայն, իր խոսքում նշեց, որ իրենք չեն ցանկանում թողնել Հանրապետականին կազմել մեծամասնություն: «Եթե մենք տեսնենք, որ ստացված ձայներով ՀՀԿ-ից բացի մյուս քաղաքական ուժերի հետ կոալիցիա կազմելով կարող ենք ՀՀԿ-ին դարձնել ընդդիմություն, մենք հնարավոր համարում ենք համագործակցությունը: Սակայն իշխող կուսակցության հետ կոալիցիան բացառվում է»,- նշեց Հայկ Կոնջորյանը:

Քաղաքական ուժերի ներկայացուցիչները անդրադարձան նաեւ մամուլում շրջանառվող վերջին լուրերին, որոնցում մի շարք դպրոցների տնօրեններ մեղադրվում են Հանրապետական կուսակցության համար ձայներ հավաքագրելու մեջ: Խոսելով այս մասին` ՀՀԿ պատգամավորության թեկնածու Սուքիաս Ավետիսյանը նշում է, որ եղածը սենսացիա է պիտակվել, քանի որ լրագրողները պատկերացում չունեն կուսակցական համակարգի կառուցվածքի մասին:

«Մեր կուսակցական համակարգի մեջ կան հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ. նրանց մի մասը շարքային քաղաքացիներ են, մի մասը` ղեկավարներ, այդ թվում` դպրոցի տնօրեններ: Այդ կազմակերպությունը ինչու չի զանգում անգործ կուսակցականներին, ովքեր շատ լավ աշխատում են իրենց կուսակցության օգտին ձայներ հավաքագրելու համար: Եվ հետո յուրաքանչյուր պաշտոնյա ժամը 18:00-ից հետո իրավունք ունի զբաղվել քարոզչությամբ»,- ասաց Սուքիաս Ավետիսյանը:

Հակադրվելով բանախոսին` Հայկ Կոնջորյանը հարցրեց, թե արդյո՞ք ժամը 18:00-ից հետո դպրոցի տնօրենը դադարում է լինել դպրոցի տնօրեն. «Այս ամենը ես նորմալ կհամարեի, եթե կուսակցական համակարգի ներկայացուցիչը, որը ցանկանում է նպաստել սեփական կուսակցության առաջընթացին, դա աներ ոչ թե իր պաշտոնական դիրքի չարաշահման միջոցով, այլ որպես կուսակցական մասնավոր անձ: Պարոն Ավետիսյանը ներկայացնում է մեդալի միայն մի կողմը: Եթե ձայների հավաքագրումը արվում է ադմինիստրատիվ ռեսուրսի հաշվին, այստեղ մենք գործ ունենք պաշտոնական դիրքի չարաշահման հետ: Սա հակամրցակցային գործելակերպ է»:

Սուքիաս Ավետիսյանն էլ մեջբերեց ընտրական օրենսգիրքը, որտեղ բացառությամբ որոշ պաշտոնյաների, մյուսների համար չկա սահմանափակում, որով արգելվում է ժամը 18:00-ից հետո զբաղվել քարոզչությամբ: «Թող ընտրական օրենսգրքի ընդունման ժամանակ առաջարկեին մտցնել հետեւյալ դրույթը, որ այս եւ այն պաշտոնյաները իրավունք չունեն լինելու կուսակցականներ: Սակայն այսօր օրենքը չի արգելում այդ պաշտոնյաներին զբաղվել քարոզչությամբ»,- ասաց նա:

Ազգային ժողովի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 2-ին: Նախընտրական քարոզարշավը պաշտոնապես սկսվել է մարտի 5-ից եւ ավարտվելու է մարտի 31-ին: Քարոզարշավին մասնակցում են 9 քաղաքական ուժեր` հինգ կուսակցություն եւ չորս դաշինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում