Դպրոցների տնօրենների ձայնագրություններից միայն մեկն է պարունակում առերևույթ հանցագործության հատկանիշներ. ՀՀ դատախազություն

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի պատրաստած նյութի հիման վրա (114 ուսումնական հաստատությունների տնօրենների ձայնագրություններ) ՀՀ գլխավոր դատախազությունը կատարել է ուսումնասիրություն և պարզել, որ դրանցից միայն մեկն է պարունակում առերևույթ հանցագործության հատկանիշներ: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Մամուլում հրապարակված «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում» վերտառությամբ հոդվածները և դպրոցների և մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունների հրապարակված ցանկը ուսումնասիրվել է ՀՀ գլխավոր դատախազությունում դեռևս հունվար ամսին ստեղծված աշխատանքային խմբի կողմից: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ձայնագրություններից մեկը առերևույթ հանցագործության հատկանիշներ է պարունակում: Նշված մյուս ձայնագր ությունները հանցագործության հատկանիշներ չեն պարունակում, ուստի դրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը գտնվում է պետական այլ իրավասու մարմինների լիազորությունների շրջանակում»,- նշված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ևս տարածել էր հայտարարություն, ըստ որի՝ դպրոցի տնօրենները սեղմ ժամկետում հանդես կգան պարզաբանմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում