Ճապոնիայում Հայաստանի դեսպանն այցելել է Նիրասակի քաղաք

Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը մարտի 25-ին այցելեց Յամանաշի նահանգի Նիրասակի քաղաք, որտեղ մասնակցություն ունեցավ հայ քանդակագործ-խեցեգործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Հռիփսիմե Սիմոնյանի «Արմենուհի» կավե արձանի բացման արարողությանը, որին ներկա էին Նիրասակիի քաղաքապետ Հիսաո Նայտոն, Նոբելյան մրցանակի դափնեկիր Սատոշի Օմուրան, քաղաքապետարանի կրթության հանձնաժողովի նախագահ Ռեյկո Յամակին և այլ պաշտոնատար անձինք:

Ելույթներով հանդես եկան քաղաքապետ Նայտոն, Նոբելյան մրցանակակիր Օմուրան և դեսպան Հրանտ Պողոսյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Շնորհակալություն հայտնելով հայ անվանի քանդակագործի արձանը թանգարանին նվիրելու կապակցությամբ՝ քաղաքապետ Նայտոն շեշտեց, որ նմանատիպ քայլերը խթանում են միմյանց նկատմամբ երկու ժողովուրդների հետաքրքրության աճը և երկուստեք ավելի ճանաչելի դարձնում մշակույթները։

Արարողությունից հետո Սատոշի Օմուրան ներկայացրեց իր անհատական հարուստ նկարչական հավաքածուն, որը հիմնականում ընդգրկում է ճապոնական գեղանկարիչների աշխատանքները՝ հավելելով, որ իր հավաքածուում առկա են երկու հայ անվանի գեղանկարիչների՝ Վլադիմիր Սահակյանի և Հրանտ Կարախանյանի գործերը:
Այցի ավարտին Նիրասակիի քաղաքապետի անունից տրվեց պաշտոնական ճաշ, որի ընթացքում մասնակիցները մեծ կարևորություն տվեցին տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով համագործակցությանը՝ երկու ժողովուրդների փոխճանաչելիության և բարեկամական հարաբերութ յունների զարգացման տեսանկյունից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում