ՄԽ համանախագահները լավ գիտեն, թե իրականում ինչ է կատարվում ԼՂ հակամարտության գոտում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շատ լավ գիտեն, թե իրականում ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Մարտի 27-ին Երևանում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ռիչարդ Հոգլանդը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե համանախագահները մշտապես հանդես են գալիս հակամարտող կողմերի միջև հավասարության նշան դնող հայտարարություններով, երբ ակնհայտ է, թե որ կողմն է լարվածություն առաջացնում շփման գծում:

«Դուք ասում եք, որ մենք մեր հայտարարությունները թիրախային չենք ներկայացնում: Մենք շատ լավ գիտենք, թե իրականում ինչ է տեղի ունենում, սակայն որպես միջազգային միջնորդներ, մենք պետք է մի փոքր տարածություն պահենք, որպեսզի կողմերից մեկին չնեղացնենք, քանի որ այդ դեպքում միջնորդություն իրականացնելու հավանականությունը կարող է խաթարվել: Մենք չենք ցանկանում, որ այդ դուռը փակվի, մենք ուզում ենք, որ այդ դուռը միշտ բաց մնա»,– ասաց Հոգլանդը:

Նա հավելեց, որ միջնորդները իրենց հրապարակային խոսքում միշտ պետք է զգուշություն պահպանեն անգամ եթե փակ դռների հետևում ասում են, որ գիտեն, թե իրականում ինչ է եղել: Հոգլանդը մանրամասնեց, որ հայտարարություններում կողմերից մեկին թիրախավորելը կարող է հանգեցնել նրան, որ այդ կողմը հայտարարի, որ չի վստահում Մինսկի խմբի համանախագահությանը և չի ցանկանում նրանց միջնորդությամբ բանակցային սեղանի շուրջ նստել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում