Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ինչպես սպասվում է, արդեն մարտի 27-ին Ռոուհանին բանակցություններ կվարի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Պուտինի հետ բանակցությունները պլանավորված են մարտի 28-ին:

Առաջիկա հանդիպումը թվով իններորդը կդառնա Ռոուհանիի նախագահության ոչ լրիվ չորս տարվա ընթացքում: Ինպես ավելի վաղ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, բանակցություններում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության հարցերը, ինչպես նաեւ շարունակել կարծիքների փոխանակումը համաշխարհային եւ տարածաշրջանային օրակարգի հրատապ թեմաների շուրջ: 

Իրանական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, Մոսկվա այցի ընթացքում Ռոուհանիին ուղեկցում են արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար, ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մահմուդ Վայեզին, առաջին փոխնախագահ Էսհակ Զահանգիրին, Իրանի ղեկավար այաթոլլա Ալի Խամենեիի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:

Պատվիրակության կազմում են նաեւ Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն, Իրանի Կենտրոնական բանկի նախագահը եւ այլ պաշտոնատարներ: Բացի այդ, այս ուղեւորությանը մասնակցում է Իրանի գործարար շրջանների ներկայացուցչական պատվիրակությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում